Շարքային ուկրաինացիները բացարձակապես վստահ չեն, որ Գազայում խաղաղության հաստատումից հետո հերթը նաև իրենց կհասնի։
«Ես չեմ հավատում, որ Ուկրաինայում մոտ ապագայում հնարավոր կլինի խաղաղություն հաստատել։ Այսօրվա դրությամբ պատերազմը միայն թափ է հավաքում։ Նախևառաջ օդային պատերազմը՝ մեր էներգետիկ համակարգերն անդադար հարվածների տակ են, մենք էլ ոչնչացնում ենք ռուսական նավթավերամշակման գործարանները», - Reuters-ի հետ զրույցում նշում է Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչ Կիրիլ Դանիլենկոն։
Մոտալուտ խաղաղության հարցում հոռետես է նաև Կիևի բնակչուհի՝ Անժելիկա Յուրկևիչը։
«Ես կարծում եմ, որ Պուտինն այնքան վստահ է, որ հաղթելու է, որ չի գնա որևէ պայմանավորվածության», - պնդում է կինը։
Վաշինգտոնից սակայն զգուշացնում են՝ եթե Ռուսաստանը կրկին հրաժարվի խաղաղության պայմանների շուրջ բանակցել Կիևի հետ՝ հետևանքները կարող են շատ ծանր լինել։
«Ես թերևս պետք է խոսեմ Ռուսաստանի հետ Tomahawk հրթիռների մասին։ Արդյո՞ք ռուսներն ուզում են, որ Tomahawk-ները թռչեն իրենց ուղղությամբ։ Չեմ կարծում։ Այնպես որ, ես պետք է ազնվորեն խոսեմ ռուսների հետ այս թեմայով։ Ես դա ասել եմ նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որովհետև Tomahawk հրթիռների կիրառումը բռնությունը դուրս կբերի մի նոր մակարդակի»,-հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարն այս մասին խոսեց անցած գիշեր նախագահական օդանավում՝ Մերձավոր Արևելք թռիչքի ընթացքում`չբացառելով անգամ, որ առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքով, սակայն, գոնե այս պահին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին որևէ պայմանավորվածություն չկա։ Փոխարենը, հանգստյան օրերին Թրամփը ակտիվորեն շփվում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ երկու զրույց երկու օրում։
«Ես հենց նոր խոսեցի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջին օրերին արդեն երկրորդ անգամ։ Մենք մանրամասնորեն աշխատում ենք ամերիկյան կողմի հետ՝ մեր հակաօդային պաշտպանության, բոլոր պաշտպանական կարողությունների ուժեղացման ուղղությամբ։ Խոսքը ամերիկյան արտադրության Patriot համակարգերի մատակարարման,նաև մեր հարվածների հեռահարության ապահովման մասին է», - հայտարարում էր Զելենսկին։
Վաշինգտոնի և Կիևի միջև ակտիվ դիվանագիտական շփումների ֆոնին այսօր Ուկրաինայի մայրաքաղաք ժամանեց նաև ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր պատասխանատու Կայա Կալասը։Նրա պնդմամբ Ուկրաինայի համար լավ ժամանակներն են մեկնարկում։
«Գուցե կար մի պահ երբ ժամանակն աշխատում էր Ռուսաստանի օգտին։ Այժմ սակայն այն սկսում է աշխատել Ուկրաինայի օգտին։ Ռուսաստանի ամառային հարձակումը տապալվեց։ Տարածքային ձեռբերումները նվազագույն էին՝ ուղեկցվելով, սակայն ծանր կորուստներով», - հայտարարում էր Կալասը։
Եվրոպացի պաշտոնյայի լավատեսությունը սակայն Ուկրաինայում ոչ բոլորն են կիսում։ Բանակում իրավիճակին քաջածանոթ պատգամավորներից մեկը՝ Մարյանա Բեզուգլան, օրերս տված հարցազրույցներից մեկում պնդում էր՝ դասալքության ծավալները ահագնանում են։
«Այս պահին բանակի շարքերը ինքնակամ լքած զինվորականների թիվը նույնքան է, որքան մեր Զինված ուժերի թվաքանակն էր մինչև ռուսական ներխուժումը՝գրեթե 250 հազար։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով դասալիքների թիվը կհավասարվի բանակի ընդհանուր թվաքանակի ուղիղ կեսին։ Զինվորականները զորամասերն ու դիրքերը լքում են նախևառաջ հրամանատարության տարօրինակ հրամանների պատճառով», - նշում էր պատգամավորուհին։
Ոչ միայն Զինված ուժերի շարքերում, այլև ողջ Ուկրաինայում առկա դժգոհության ծավալների մասին են վկայում նաև այսօր հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները։ American Political Services ընկերության պատվերով անցկացված հարցման արդյունքները վկայում են՝ եթե պատերազմն ավարտվի, ռազմական դրությունը չեղարկվի և Ուկրաինայի տարածքում վերջապես նախագահական ընտրություններ անցկացվեն, Վլադիմիր Զելենսկին դրանցում պարտվելու է։ Հետազոտության համաձայն՝ եթե ընտրությունների երկրորդ փուլ դուրս գան Ուկրաինայի Զինված ուժերի նախկին հրամանատար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնին և գործող նախագահը՝ ապա Զելենսկին կստանա քվեների ընդամենը 26 տոկոսը, գեներալի 42-ի դիմաց։ Զելենսկին կպարտվի նաև մեկ այլ մեծ հեղինակություն վայելող զինվորական՝ Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի՝ ընտրություններին մասնակցելու դեպքում։