Մատչելիության հղումներ

«Արդարադատության իսպառ բացակայություն». իրավապաշտպանը՝ Ադրբեջանում Ավանեսյանի դատավճռի մասին


Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանում ընդամենը մի քանի օր տևած դատավարությունն ավարտվել է։ Դատարանը 8 ծանր հոդվածով մեղադրվող 58-ամյա Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրա ներկայացուցիչ Արա Ղազարյանը չէր կասկածում, որ ադրբեջանական դատարանը նման վճիռ կկայացներ, բայց նաև չէր սպասում, որ ահաբեկչության ու այլ ծանր հոդվածներով մեղադրվող Կարեն Ավանեսյանի դատը նման կայծակնային ընթացք կստանար:

«Դե, այն, որ կդատապարտեն, սպասելի էր, բայց որ մեկ ամիս կտևի, դրանից էլ քիչ, ոչ։ Ընդհանրապես դա տեսականորեն հնարավոր է երկու դեպքում՝ կա՛մ մեղքը ընդունում է հենց սկզբից, և արագացված քննություն է իրականացվում, որը ես չգիտեմ՝ Ադրբեջանում այդ ընթացակարգը կա, թե ոչ, օրինակ՝ Հայաստանում կա այդպիսի ընթացակարգ, կա՛մ էլ ուղղակի դատավարությամբ նախատեսված ոչ մի երաշխիք նրան չի տրվել, դրա համար էլ դատը այդպես արագ է ընթացել։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք արդարադատության իսպառ բացակայության հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Ադրբեջանական դատարանի առաջ փաստացի միայնակ հայտնված Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի, չնայած Ադրբեջանի պնդումներին, թե արցախցի 58-ամյա տղամարդն առողջ է, ավելին՝ «այս սեպտեմբերին ահաբեկչություն է կազմակերպել մի վայրում», որտեղ այդ երկրի նախագահն է ներկա եղել։

Ստրասբուրգի դատարանում Ավանեսյանի ներկայացուցիչները փորձում են Առողջապահության նախարարությունից նրա առողջության վերաբերյալ տվյալներ վերցնել, որ ուղարկեն Եվրոպական դատարան: Սակայն գերատեսչությունից Ավանեսյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն տրամադրելու համար լիազորագիր են պահանջում, բայց ձերբակալված և ադրբեջանական բանտում պահվող արցախցի տղամարդուց փաստաբանները չեն կարող այն վերցնել։

Ղազարյանը հավանական է համարում, որ Ադրբեջանում առանց պաշտպանների, ճնշումների ներքո Ավանեսյանը՝ հնարավոր է մեղադրանքն ընդունել է. «Նա փաստաբան չունի իր կողքին նստած։ Դա արդեն շատ կոպիտ խախտում է։ Փաստաբանը պետք է հենց անմիջապես իր պաշտպանյալի կողքը նստի, և իրենք այնպես հաղորդակցվեն, որ ոչ մեկն այդ մասին չլսի։ Ոչ մի դատավարություններում, արդեն մոտ երկու տասնյակ դատավարություններ են ընթացել, մենք այդ պահանջը չենք տեսնում:

Եթե խոսքը Ադրբեջանի մասին է, այստեղ մենք, իհարկե, գործ ունենք, կա այդպիսի կատեգորիա, ոչ թե արդար դատաքննության իրավունքի խախտում, այլ արդարադատության ի սպառ բացակայություն։ Այսինքն՝ տվյալ դեպքում խախտումները այն աստիճանի լուրջ են, որ կարելի է ասել, որ ընդհանրապես արդարադատությունների համար մատչելի չի եղել»:

Ադրբեջանում հայերի դատավարությունները լուսաբանում են պետական լրատվամիջոցները, և որևէ անկախ աղբյուրից նրանց հաղորդածը ճշտելու հնարավորություն չկա:

Սեպտեմբերից ի վեր չնայած ՄԻԵԴ-ի որոշմանը, Ադրբեջանն այդպես էլ չէր թույլատրել, որ հարազատներն ու փաստաբանները հնարավորություն ունենային խոսել Ավանեսյանի հետ, որ Ստեփանակերտում մնացած վերջին հայ բնակիչներից մեկն է:

2023-ի բռնի տեղահանումից հետո Ավանեսյանը մի խումբ հայերի հետ մնացել էր Ստեփանակերտում: Ադրբեջանցի իրավապահները նրան ձերբակալել էին սեպտեմբերի 14-ին, նույն այն օրը, երբ Ստեփանակերտ էր ժամանել Ադրբեջանի նախագահը։ Ըստ ադրբեջանական մեղադրողների՝ նա իբրև ««Կալաշնիկով» ինքնաձիգով, 5 նռնակով, լիցքավորված պահեստատուփերով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին», որին Ալիևն էր ներկա։ Բայց, իրավապահների ներկայացմամբ, ոստիկանները հասցրել էին կանխել միջադեպը, Կարենը «դիմադրել էր, կրակ բացել, նռնակներ նետել»:

Այս պնդումները հավաստող որևէ փաստ, սակայն, ադրբեջանական կողմը չէր հրապարակել։ Տեսանյութերից մեկում ուսապարկով մի տղամարդ է, բայց ո՛չ «Կալաշնիկով» է ձեռքին երևում, ո՛չ այլ զինամթերք։ Ընդ որում, տեսանյութը ոչ թե Ալիևի գտնվելու վայրում է, այլ քաղաքի արվարձանում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ավանեսյանի ներկայացուցիչ Արա Ղազարյան ասում է՝ վկաները հաստատել են՝ տեսանյութում հենց Ավանեսյանն է, բայց նա քայլում է ոչ թե Ստեփանակերտի կենտրոն, այլ հակառակը՝ քաղաքից դուրս է գալիս։

«Տեսանյութում Կարենը տեղաշարժվում է, տեղաշարժվում է իրականում բոլորին հակառակ ուղղությամբ, քաղաքից դուրս է գալիս։ Մեր վկաները այդպես են ասում մեզ։ Դա երկրորդ փաստ է։ Վկաները նրա հարևանն են, ովքեր Կարենին գիտեն 90-ականների վերջից, ովքեր շատ լավ գիտեն՝ ինչ անձ է նա, ինչ վարքագիծ, ընդհանրապես բոլորը ասում են, որ նա ընդունակ չէր որևէ բռնության, բարի մարդ էր», - նշեց Ղազարյանը։

Հարազատները Կարենին հանգիստ, բռնության չհակված մարդ են բնորոշել։ Նա, ըստ նույն այդ հարազատների, եղել է սոցիալական ծառայությունների ուշադրության կենտրոնում՝ սոցիալական աջակցություն է ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG