Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանի անձնագիրը՝ Բաքվի դատարանում քննության առարկա


Բաքվի զինվորական դատարանում քննության առարկա են դարձել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականն ու անձնագիրը:

Ադրբեջանցի մեղադրողը մասնավորապես հարց է տվել Հարությունյանին, թե ինչու է նրա ծննդյան վկայականում գրված, որ ծնվել է Ստեփանակերտում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում, իսկ արդեն անձնագրում որպես ծննդվայար նշված է Հայաստանի ԽՍՀ:

«Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը», - Արայիկ Հարությունյանին հարցրել է պետական մեղադրող Վյուսալ Աբդուլաևը:

Անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստից մանրամասներ է հաղորդող ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը նշում է, թե Արայիկ Հարությունյանը խուսափել է պատասխանել ադրբեջանցի մեղադրողի այդ հարցին՝ հայտարարելով, թե այդ խնդիրը երբեք չի քննարկել Հայաստանի իրավասու մարմինների հետ:

Ավելի քան երկու տարի Բաքվում անազատության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարը դատարանում նաև պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչով են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անձնագրերը տարբերվել Հայաստանի քաղաքացիների անձնագրերից. միակ տարբերությունը, ըստ նրա, եղել է 070 կոդը:

Ըստ «Ազերթաջ»-ի, Հարությունյանն ասել է, թե 070 կոդը հատուկ նշվել է այն բանի համար, որպեսզի այդ անձնագիրն ունեցող Արցախի քաղաքացիները չկարողանան մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին: Ամեն դեպքում, նշել է նա, այդ անձնագրերով արցախցիները կարողացել են արտերկիր մեկնել և շրջագայել որպես Հայաստանի քաղաքացիներ:

Բաքվի դատարանն ուսումնասիրել է նաև Սարդարապատում տավուշյան մարտերի մասնակիցների պարգևատրման տեսանյութը

Ի դեպ, նախօրեին դատարանն ուսումնասիրել է տավուշյան մարտերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սարդարապատում 2020 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչների պարգևատրման արարողության տեսանյութը:

2020-ի հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ Հայաստանի սահմանը խախտելու փորձ է կատարել, հայկական Զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու ադրբեջանցիների փորձը ձախողվել էր, և նրանք կորուստներ կրելով հետ էին շպրտվել:

Ըստ «Ազերթաջ»-ի՝ հուլիսյան դեպքերի մասնակից զինծառայողների պարգևատրման տեսանյութը դիտելու միջնորդություն է ներկայացրել Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, թե ինչ նպատակով, ադրբեջանական պետական լրատվամիջոցը որևէ տեղեկություն չի հաղորդում:
Միայն նշվում է, որ պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հենց այդ հանգամանքն էլ հետաքրքրել է մեղադրող դատախազին: Վյուսալ Աբդուլաևը հարցրել է՝ ինչո՞ւ էր Հարությունյանը մասնակցում այդ արարողությանը, և ի՞նչ կարգավիճակով:

Արայիկ Հարությունյանն ասել է, թե նման միջոցառումներին Արցախի պաշտոնյաները մշտապես են հրավիրվել:

Ադրբեջանցի պետական մեղադրողը նաև Արայիկ Հարությունյանին հարցրել է, թե ինչ նպատակով են այդ իրադարձություններից առաջ՝ 2020-ի հունիսի 19-ին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդները համատեղ նիստ անցկացրել, և ինչ հարցեր են քննարկվել: Դատախազը հետաքրքրվել է՝ եթե Տավուշի հուլիսյան դեպքերը որևէ կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես պնդել է Արայիկ Հարությունյանը, ապա ինչո՞ւ է համատեղ նիստ անցկացվել:

Ըստ «Ազերթաջ»-ի՝ Արցախի նախկին նախագահն ասել է, թե քննարկել են Հայաստանի անվտանգության, մարտունակության հարցերը, ինչպես նաև պատերազմի հնարավոր սցենարները:

Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների՝ Ադրբեջանի դեմ պատերազմ իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ հոդվածներով: Դատելով նախօրեին Արայիկ Հարությունաննին ուղղված հարցերից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը նաև փորձում է 2020-ի տավուշյան դեպքերին Արցախի մասնակցությունն ապացուցել:

Սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր Խաչի գրասենյակի փակումից հետո 23 հայ գերիները փաստացի հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Նրանց առողջական վիճակի ու պահման պայմանների մասին որևէ անաչառ տեղեկություն հարազատներին ստանալ չի հաջողվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG