Արծվաշենը վերադարձնելու հայտարարությունից ընդամենը հինգ օր անց Հայաստանի վարչապետը դժվարանում է ասել՝ անկլավների փոխանակմա՞նն է կողմ, թե՞ եղած իրավիճակը պահպանելուն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հստակ է միայն այն, որ կառավարությունն առանց ժողովրդի դիրքորոշման չի կարող Արծվաշենը փոխանակել որևէ տարածքի հետ: Իսկ այսօր նախընտրեց բացատրել, թե ինչու չի ցանկանում հանրայնացնել դիրքորոշումը:
«Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետև նախ ինչպես ասացի, իմ նախկինում արձանագրած դիրքորոշման համաձայն՝ պետք է մի հատ իրավական հիմքերը նայենք, այսինքն՝ հիմա Դուք ինձ ի՞նչ հարց եք տալիս, Ձեր դիրքորոշումը ո՞րն է: Դա, իմ ընկալմամբ, իրավական արձանագրումներ չտեսած վիճակում ես դիրքորոշում արտահայտե՞մ», - ասաց նա:
Այդ դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչած Հայաստանի վարչապետն իրավական ի՞նչ հիմքով է հայտարարել, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքը ներառում է նաև անկլավները, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ այդտեղ նրբություն կա:
«Երբ կլինի խոսակցությունը, Ադրբեջանը կբերի իր փաստարկները, մենք՝ մերը, և կտեսնենք, կհամեմատենք: Երբ որ և եթե արձանագրվի, որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել դիրքորոշումների մասին՝ այդ արձանագրվածն ինքը մենք առաջարկո՞ւմ ենք՝ փոփոխության ենթարկվի, թե՞ չէ, բայց քանի դեռ չի արձանագրվել դե յուրե որևէ բան, դա քննարկելն ինքնին մեթոդական սխալ է», - հավելեց վարչապետը:
Անկլավների փոխանակմանը մոտ չորս տարի առաջ կողմ էր վարչապետը, բայց ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այսօր Հայաստանում ադրբեջանական անկլավների առկայության վերաբերյալ իրավական հիմքեր հայ պաշտոնյաների ձեռքի տակ չկան: Այսօր վարչապետը նաև հայտնեց, որ սահմանազատման հանձնաժողովները անկլավների հարցը դեռ չեն քննարկել, հենց լինի, ասաց, հայկական կողմն իր փաստերը կդնի սեղանին՝ ակնկալելով, որ Ադրբեջանն էլ իր հերթին հիմքեր կներկայացնի:
«Այն, որ 1991թ.՝ մեր անկախության նախորդող շրջանում, ՀՀ տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, դա գաղտնիք չէ, այդ գյուղերի մի մասն Իջևանի շրջանում է, և ես այդ գյուղերի մեջով անցել-գնացել եմ», - նկատեց նա:
Անկլավ-էքսկլավների հարցը 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար է ակտիվանում, վերջին օրերի քննարկումները ծավալվեցին Արծվաշենը և Հայաստանի մյուս օկուպացված տարածքները սահմանազատմամբ վերադարձնելու վարչապետի ֆեյսբուքյան գրառումից հետո:
Նիկոլ Փաշինյանի այդ գրառմանը նախորդել էր Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որ իրենց համար անկլավների՝ «Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը գերակա է և պետք է լուծում ստանա սահմանազատման հանձնաժողովների շրջանակում»։
Վարչապետն ավելի քան երկու տարի առաջ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել էր այս գյուղերից մասնավորապես Տիգրանաշեն. «Մենք ելնում են այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ այդտեղ եղել է Քյարքի, ենթադրենք, մենք ասում ենք, որ պետք է գնանք, իրավական հիմքերը կնայենք, քաղաքական առումով եթե կպարզվի՝ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի, որ Արծվաշենը վերադարձնի և Քյարքին, օրինակ, վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է»:
Տիգրանաշենը, որ Հայաստանի բնակավայրերից է, ռազմավարական նշանակություն ունի, այն դեպի Սյունիք, Իրան տանող միջպետական մայրուղու վրա է: