Վեհափառի հրաժարականի կոչին միացած տասը եպիսկոպոսներից Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն արգելել է իր թեմի քահանաներին պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը:
Այս կիրակի Կեչառիսում տեղի ունեցած պատարագին, որին մասնակցել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլ պաշտոնյաներ, վեհափառի անունը հնչել է: «Ազատության» հետ զրույցում սա հաստատեց Կեչառիսի հոգևոր հովիվ Տեր Սահակ Սահակյանը՝ նշելով, որ «այդ ամենը եղել է առաջնորդ հոր՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հրահանգով:
«Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է ասել, որ ոնց արվում է, այդպես պետք է արվի, որ չենք զեղչում Վեհափառի անունը: Այն, որ ասվում է, թե իբրև մեզ ասել է՝ զեղչենք, և մենք էլ ընդդիմացել ենք, դա սուտ է, կեղծիք է», - ասաց նա:
«Ազատություն». -Բայց եթե Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, ինչպե՞ս է նա հրահանգել ձեզ չզեղչել Գարեգին Երկրորդի անունը պատարագի ժամանակ:
Տեր Սահակ Սահակյան- Կարող եք իր հետ խոսել հասկանալու համար, թե ինչու է այդպես: Մեզ բազմիցս ասվել է, որ վեհափառ հայրապետի դեմ չեն իրենց գործողությունները:
«Ազատություն». - Բա ո՞ւմ դեմ է, եթե վեհափառի դեմ չէ, ինչո՞ւ է նրա հրաժարականը ուզում:
Տեր Սահակ Սահակյան -Չեմ կարող ասել, ես էլ չեմ հասկանում շատ բաներ:
«Ազատություն». - Իսկ որպես հոգևոր սպասավոր, իբրև քահանա՝ ինչպե՞ս եք վերաբերվում վեհափառի դեմ արշավին:
Տեր Սահակ Սահակյան - Բացասական եմ վերաբերվում վեհափառ հոր նկատմամբ այս գործողություններին:
«Ազատություն». - Եվ սխա՞լ եք համարում նրա անունը զեղչելու որոշ թեմերի որոշումը:
Տեր Սահակ Սահակյան - Միանշանակ:
Ավելի մանրամասն՝ քիչ հետո