Մատչելիության հղումներ

Արաղչի․ «Մենք գերադասում ենք անուղղակի շփումները Վաշինգտոնի հետ»

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչի, արխիվ
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչի, արխիվ

«Թեհրանը գերադասում է Վաշինգտոնի հետ անուղղակի շփումների մեջ մտել, ինչն արդյունավետ բանավեճի հնարավորություն կստեղծի», -IRNA գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Մենք հավատարիմ կմնանք բանակցությունների այդ ձևաչափին։ Թեհրանն այս ֆորմատն է ընտրել, որպեսզի խուսափի ԱՄՆ ճնշումներից, սպառնալիքներից և իր կամքն իրանական կողմին պարտադրելու փորձերից», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։

«Այս բանակցություններում ամենակարևորն Իրանի հետ համաձայնության գալու ԱՄՆ քաղաքական կամքն է լինելու», - նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը։

Այսօր ավելի վաղ Արաղչին ասել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ը շաբաթ օրը կհանդիպեն Օմանում՝ «անուղղակի բարձր մակարդակի բանակցությունների համար»՝ հաստատելով, որ Օմանի միջնորդությամբ կայանալիք բանակցությունները տեղի կունենան իր և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի գլխավորությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ, իր հերթին, հայտարարել է, թե Միացյալ Նահանգները միջուկային ծրագրի շուրջ «ուղիղ բանակցություններ» կվարի Իրանի հետ։

XS
SM
MD
LG