Դատարան այսօր որոշել է արտաշիրիմում անել և որպեսզի պարզի՝ դեռ 24 տարի առաջ մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում մահացած Պողոս Պողոսյանին դիտավորյալ են սպանել, թե՞ նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող թիկնազորի անդամներից «Կուկու» մականվամբ Աղամալ Հարությունյանի հետ քաշքշքուկի հետևանքով վայր է ընկել ու մահացել:
Դեռ հուլիսի դատական նիստում դատախազությունն առաջարկել էր արտաշիրիմում անել. «Մենք կարող ենք էականորեն տարբերվող այլ պատկեր, և ակնկալվող արդյունքն այն է, որ հնարավոր է հայտնաբերվեն կոտրվածքներ՝ ոսկրային կոտրվածքներ, քանի որ վկայի նախնական նամակ-դիմումում [...] խոսք է գնում նաև ատրճանակի գործադրմամբ հարվածներ հասցնելու [մասին]», - դատարանում հայտարարել էր դատախազ Ծովակ Մնացականյանը:
Այս դատավարության ընթացքում հարցաքննված Միացյալ Թագավորության քաղաքացի վկան, որը ևս դեպքի օրը «Առագաստ» սրճարանում է եղել, հակասական ցուցմունքներ է տվել: Սթիվեն Նյուտոնը տարիներ առաջ «Ազատությանը» պատմել էր, թե ինչպես էր Աղամալ Հարությունյանն ատրճանակի կոթով ծեծում Պողոս Պողոսյանին, որն ընկած էր հատակին՝ համարյա մեռած: Բայց վերջերս դատարանում Նյուտոնն ասել է, թե Աղամալ Հարությունյանին չի տեսել հարվածելիս:
Նաև այս հակասության պատճառով է դատախազն առաջարկում ոչ միայն արտաշիրիմում ու կրկնակի փորձաքննություն անցկացնել, այլև նորից լսել գլխավոր վկային: