«Խթանել հանրային լավատեսությունը», - Հանրային խորհրդի առաքելությունը՝ կարճ այսպես է ձևակերպում այդ խորհրդի նորանշանակ նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:
«Հանրային խորհրդի բարոյական առաքելությունը հանրային լավատեսությունը խթանելն է, հանրությանը, կարող բոլոր ուժերին մոբիլիզացնելը և, այսպես ասած, լացից, նվնվոցից և հուսահատությունից գործնական և կառուցողական դաշտ տեղափոխվելն է», - հայտարարեց Խզմալյանը:
Այսօր նոր կազմով Հանրային խորհուրդն առաջին նիստն էր անում հենց Մատենադարանում:
Թեև Հանրային խորհրդի գոյությունը Սահմանադրությամբ է ամրագրված, սակայն հեղափոխությունից հետո այդ խորհուրդը փաստացի չէր գործում, իսկ հեղափոխությունից առաջ մոտ տասնամյա գործունեության ժամանակ էլ շատ հստակ չէր, թե ինչով է այն զբաղվում: Անցած օգոստոսից Կառավարությունը որոշեց վերակենդանացնել խորհուրդը, ցրել նախկին կազմն ու նորը հավաքել, իսկ նախագահ նշանակվեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ով մի քանի տարի զբաղեցրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը:
«Իհարկե, ես ենթադրում եմ, որ իմ նշանակումը խոսում է նախ և առաջ այն բանի մասին, որ ես ունեմ Կառավարության հետ աշխատելու փորձառություն, այսինքն՝ ես տիրապետում եմ Կառավարության գործունեության ներքին տրամաբանությանը, ճանաչում եմ Կառավարության անդամներին», - ասաց Խզմալյանը:
Իսկ ինչո՞ւ է տարիներ շարունակ չգործող Հանրային խորհուրդը վերակենդանանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մի տարի առաջ: Հնչում է մտավախություն, որ հնարավոր է՝ Հանրային խորհուրդը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավում ներգրավվի: Արա Խզմալյանը, ով վերջերս հենց Մատենադարանում ընդունել էր վարչապետին ու տիկնոջը, փորձում է ցրել այդ մտահոգությունները:
«Կա մի բան, որը կանխում է յուրաքանչյուր նման մոտեցում կամ հավանականություն, որ կարող է Հանրային խորհուրդը դառնալ քաղաքական գործիք՝ դա օրենքում ամրագրված շատ հստակ կետն է, որ Հանրային խորհուրդը պետք է պահպանի քաղաքական չեզոքություն և զսպվածություն: Ասեմ ավելին՝ սա ձեռք է տալիս հենց իշխանություններին, սա ձեռք է տալիս հենց Կառավարությանը, և ես համաձայնել եմ գալ այստեղ մի պայմանով, որ ասվել է, որ «մենք չենք ակնկալում, որ հարցերը լուծվեն ըստ մեր նախանշած ճանապարհների, մենք ակնկալում ենք անկեղծ խոսք», - նշեց Հանրային խորհրդի նախագահը:
Հանրային խորհրդի անդամ, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ևս կարծում է՝ պետք է օրենքին հետևել ու առաջին հերթին ապացուցել, որ Հանրային խորհուրդ այնուամենայնիվ գոյություն ունի:
«Ինչքան շատ մենք հետևենք օրենքին, ընդ որում՝ ոչ միայն այդ օրենքին, այդքան ավելի ճիշտ ձևով կկազմակերպվի մեր պետական կառույցը: Ինչքան շատ մենք փորձենք շրջանցել օրենքը կամ ենթարկել օրենքը մեր քաղաքական կամ անձնական խնդիրներին, այդքան վատ կլինի բոլորի համար», - ասաց Բաբայանը:
Հանրային խորհուրդը, ըստ իր անդամների, պետք է բարձրացնի հանրության համար ամենահրատապ հարցերը, հասցնի Կառավարությանը, փորձի լուծումներ ստանալ: Խնդիրները շատ տարբեր են՝ հանրային բևեռացվածությունը թուլացնելուց մինչև արցախցիների սոցիալական խնդիրներ, քաղպաշտպանությունից մինչև անվտանգություն:
Նոր խորհուրդը գործելու է նաև մի նորամուծությամբ՝ այն պետք է ստեղծի քաղաքականապես չեզոք 7 անդամներից կազմված փաստահավաք հանձնաժողով, որն, իր հերթին, պետք է քննի Հայաստանում անկախացումից մինչև 2023 թվականը տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումներն ու երկու-երեք տարում զեկույց ներկայացնի: Հանրային խորհրդի անդամ, քաղհասարակության ներկայացուցիչ և նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի համար հենց այդ կետն է որոշիչ եղել, որ համաձայնի այս խորհրդին մաս կազմել:
«Ժամանակին քննարկվում էր անցումային արդարադատության հարցը, որը այն հիմնական կարևոր հարցերից մեկն էր, որ հեղափոխությունից հետո պիտի արվեր և ձգձգվեց այնքան, մինչև, ի վերջո, այդ փաստահավաք խմբի և փաստահավաք հանձնաժողովի ձևավորման գաղափարը հասավ և դրվեց, մեծ հաշվով, Հանրային խորհրդի պարտավորությունների վրա: Սա, թերևս, իմ հիմնական դրդապատճառներից է՝ համաձայնել լինել այս խորհրդում», - ասաց Աբրահամյանը:
Իրազեկ քաղաքացիների միավորումից Դանիել Իոաննիսյանը, սակայն, կարծում է՝ Հանրային խորհուրդը չէ այն կառույցը, որի վրա պետք էր դնել քաղաքական գնահատականի հարցը: Ինքն, ասաց, դեմ չէ ձևավորվելիք փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներին, սակայն դրա գործունեության հետ կապված թերահավատություն ունի:
«Ես կարծում եմ, որ փաստահավաք հանձնաժողովի գործառույթը պետք է Ազգային ժողովը իրականացներ, ոչ թե Հանրային խորհուրդը, և ես չունեմ վստահություն, որ Հանրային խորհուրդը կկարողանա դա էֆեկտիվ անել, և ես չունեմ վստահություն առհասարակ, որ դա պատշաճ մակարդակի, պատշաճ որակի կստացվի», - ընդգծեց Իոաննիսյանը:
Հանրային խորհուրդն այս կազմով գործելու է միայն մեկ տարուց մի քիչ ավելի: Օրենքի պահանջով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հանրային խորհրդի նոր կազմ պետք է ընտրվի: Ըստ Դանիել Իոաննիսյանի, այս տարին կարելի է փորձնական շրջան համարել՝ հասկանալու՝ արդյոք ընդհանրապես պե՞տք է պահել Հանրային խորհուրդ կառույցը, թե՞ ոչ:
«Սա պետք է որ լինի հանրության կողմից, քաղաքացիների կողմից հարցերը ինստիտուցիոնալ ճանապարհով Կառավարությանը հասցնելու միջոց: Եթե էդպես եղավ, եթե աշխատեց, լավ, եթե չաշխատեց, երևի կարելի է Սահմանադրությունից առհասարակ հանել», - ասաց Իոաննիսյանը: