Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը զգուշացնում է՝ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել: Անահիտ Մանասյանին զայրացրել է ընդդիմադիր պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը, որ քրեակատարողական հիմնարկների խնդիրները չեն լուծվում, իսկ ՄԻՊ-ը ոչինչ չի անում այդ ուղղությամբ:
«Ես, ճիշտն ասած, երբ կարդացել եմ այդ գրառումը, աչքերիս չեմ հավատացել, երկրորդ, երրորդ անգամ էլ եմ կարդացել, և ապշեցուցիչ մի բան է կատարվում Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնում է Ազգային ժողովի պատգամավորին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դանիելյանը:
Պաշտպանի գրասենյակից պատգամավոր Դանիելյանի քննադատությանն արձագանքել են երեկ ուշ երեկոյան: Ֆեյսբուքի պաշտոնական էջում մի գրառում են տեղադրել՝ Գառնիկ Դանիելյանի քննադատությունը որակելով անհիմն, ապա զգուշացրել. «Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ»:
Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքից հետո Գառնիկ Դանիելյանը մի քանի անգամ վերընթերցել է Ֆեյսբուքի իր գրառումը, որպեսզի հասկանա՝ ինչն է այդքան վրդովվեցրել Անահիտ Մանասյանին, որ Պաշտպանն անցել է զգուշացումներին:
«Այնտեղ վիրավորական բան չկա: Ընդամենը իմ կատարած աշխատանքի ընթացքում խնդիրները վեր եմ հանել, ասել եմ և իրավունք ունեմ և՛ ասելու, և՛ պահանջելու։ Սա ինձ լռեցնելու փորձ է, որը չի ստացվելու իրենց մոտ», - ասաց Դանիելյանը:
«Ազատություն»-ը ՄԻՊ գրասենյակից փորձեց ճշտել՝ պատգամավորի գրառման ո՞ր մասն է, որ կարող է պարունակել ՔՕ-ով սահմանված արարքի հատկանիշներ, սակայն արձագանք դեռ չկա:
Ծայրահեղ վտանգավոր և բացարձակ անընդունելի է. իրավապաշտպան
Ծայրահեղ վտանգավոր և բացարձակ անընդունելի է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ գրառումներին ու հայտարարություններին ի պատասխան հիշեցնում է քրեական օրենսգրքի մասին, ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Դա ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատությունը և առաջացնում է որոշակի վախ՝ խոսելու կամ բարձրաձայնելու առկա խնդիրները», - նկատեց նա:
Գառնիկ Դանիելյանի քննադատությունից դժգոհ ՄԻՊ գրասենյակից պատգամավորին հորդորել են ծանոթանալ բանտեր Մանասյանի այցերին, զեկույցներին ու ելույթներին: Նաև վստահեցրել են, թե ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ հենց Պաշտպանի շնորհիվ են լուծում ստացել:
«Ազատությունից զրկված անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Հորդորում ենք պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից»,- ամփոփելով պատգամավորին ուղղված կոչերը՝ նշել են կառույցից:
Իրավապաշտպանը, որ երկար տարիներ բանտերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ է, ևս ընդգծեց՝ ՔԿՀ-ներում բազմաթիվ չլուծված հարցեր կան, և առաջին հերթին Պաշտպանին պետք է մտահոգեր դրանց վերաբերյալ պատգամավորի ահազանգը:
Կատարած աշխատանքի մասին էլ կարելի էր խոսել զուսպ, առանց քրեական օրենսգրքին հղում անելու՝ հատկապես, որ Դանիելյանի գրառումը, ըստ իրավապաշտպանի, ՄԻՊ ինստիտուտի հասցեին հնչեցված արհամարհական կամ վիրավորական արտահայտություն չի պարունակում. - «Մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, միմյանց հետո կոնստրուկտիվ զրույց ունենալու և քննարկելու խնդիրները համատեքստում և նմանատիպ հայտարարությունները շատ վտանգավոր են, որոնք կարող են ավելացնել հատկապես սոցիալական ցանցերում անհանդուրժողականության և մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի պակասը»:
Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը: Պաշտպանը պարտավոր է յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում պատգամավորներին ներկայացնել տարեկան հաղորդում նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:
«Մենք ենք այն մարդիկ, որ կարող ենք իրենց հաշվետվությունները կարող ենք և՛ գնահատականի արժանացնել, և՛ քննադատենք, և՛ կարող ենք հորդորել իրենցից, և՛ պահանջենք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
ՄԻՊ օրենքով պաշտպանը պարտավոր է հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն դրսևորել:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ պաշտպանի հայտարարությունը չեզոքությունից ու անկախությունից դուրս էր. - «Ավելի շատ քաղաքական թևի որոշակի շահերը պաշտպանող գործչի գրառումներ են, և դրանով արդեն իսկ կասկածի տակ է դրվում ՄԻՊ ինստիտուտի անաչառությունը և յուրաքանչյուր քաղաքացու կողքին կանգնած նրա իրավունքների պաշտպանության խնդիրը»:
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն եզրափակում է՝ քրեակատարողական հիմնարկներում իր բարձրացրած խնդիրները կան, չեն հերքում անգամ իշխանության ներկայացուցիչները: Դրանց մասին, ի դեպ, խոսել է նաև Պաշտպանը դեկտեմբերին հրապարակված իր արտահերթ զեկույցում: