Մատչելիության հղումներ

Ոչինչ ապակայունացումից զատ չի կարելի սպասել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից. Զախարովա


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ոչինչ ապակայունացումից զատ չի կարելի սպասել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունից, այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նրա պնդմամբ, այդ դիտորդական առաքելությունը քաղաքական իրավիճակի ապակայունացում է բերում և տարածաշրջանը վերածում է աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի: Այդպես Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմը Փարիզին ծանուցել է, որ եվրոպացի դիտորդներին լրտեսության մեջ է կասկածում։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ռուսաստանը Ֆրանսիային նման կասկածների մասին տեղեկություն չի փոխանցել: Նրա խոսքով, Մոսկվան հրապարակավ և բացահայտ խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության հանդեպ իր բացասական վերաբերմունքի մասին։

«Մենք բազմիցս ենք նշել Հայաստանի տարածքում առճակատմանը միտված էությամբ ԵՄ այդ կիսառազմական ներկայության մասին, ապացույցներ փնտրելու կարիք չկա: Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական էությունը հետզհետե ավելի ակնհայտ է դառնում, հատկապես երբ առաքելությանը սկսեցին միանալ ԵՄ անդամ չհանդիսացող ՆԱՏՕ-ի երկրներ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով, տարածաշրջանն արդեն անկայուն է, բայց կա վիճակը կայունացնելու և երկարատև ճգնաժամը կարգավորելու հնարավորություն, ինչը թույլ կտա վերականգնել մարդկանց միջև մարդասիրական հաղորդակցության և տարածաշրջանի տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վստահ է, որ Հարավային Կովկասում բոլոր հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների հավաքական ջանքերով և առանց արտաքին միջամտության։

  • ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում է տեղակայվել 2023 թվականի փետրվարի 20-ից՝ 2 տարի ժամկետով և ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։
  • 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին՝ թվակազմը հասցնելով 209-ի՝ նախկին 138-ի փոխարեն:
  • Հայաստանի կառավարությունը հաստատել է ԵՄ դիտորդների կարգավիճակը՝ այն գործնականում հավասարեցնելով դիվանագիտական կարգավիճակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG