Մատչելիության հղումներ

Անվտանգության աշխատակիցը ԱԺ ամբիոնից պոկեց Հայաստանի ու Արցախի միասնական քարտեզը


Խորհրդարանի այս տարվա նստաշրջանը մեկնարկեց Հայաստանի քարտեզի շուրջ իշխանության և ընդդիմության միջև վիճաբանությամբ. Ազգային ժողովում փակցված Հայաստանի քարտեզի մակետին, որտեղից բացակայում էր Արցախը, ընդդիմությունն այսօր պատասխանեց քարտեզի իր տարբերակով։

Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակացության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ նախագահության ամբիոնին փակցրեց Հայաստանի քարտեզն` Արցախի հետ միասին։

Ընդդիմադիր պատգամավորը, ցույց տալով Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը, նշեց, թե մի քանի տարի առաջ հայրենիքը հենց այդ տեսքն ուներ, մարդիկ ապրում էին այդ հայրենիքում, հայրենիքի ճանապարհներով երթևեկում էին ու նրանց այդ ճանապարհներից որևէ մեկը գերի չէր տանում։

«Թող էս հայրենիքն Աժ-ում մնա այնքան ժամանակ, քանի դեռ այն մենք չենք վերականգնել» ,- հայտարարեց հանրապետական պատգամավորը։

Խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց հանրապետական պատգամավորին, որ իր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ էր վերադարձնել Ղարաբաղը շրջապատող 5+2 շրջանները։

«Ուզում էր հանձնե՞լ հայրենիքը», - հարցրեց իշխանական պատգամավորը։

Իշխանության և ընդդիմության միջև վիճաբանությունը դեռ չավարտված խորհրդարանի անվտանգության աշխատակիցը պոկեց ամբիոնին փակցված Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG