Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը գոհունակություն է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի և Երևանի ձեռք բերած պայմանավորվածության կապակցությամբ, փոխանցում է Anadolu թուրքական գործակալությունը՝ նշելով, որ նախօրեին Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և երկու ժամ տևած նիստից հետո խորհուրդը հայտարարություն է տարածել։
Հայտարարությունում Անկարան հույս է հայտնել, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն վերջնական խաղաղության հաստատման համար, «որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին»։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելացրեց պահանջները՝ հայտարարելով՝ «Երևանը պետք է հստակ ասի՝ երբ են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր»։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը: Նախօրեին Հայաստանի արտգործնախարարությունն ի պատասխան արձագանքեց՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա։ Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ և որ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Երևանը նաև հայտարարել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել՝ առաջարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ: