Մատչելիության հղումներ

Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելու հարցով հանրաքվեն «վտանգավոր ծուղակ է»


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

35 տարի առաջ Գերագույն խորհրդի ամբիոնից Անկախության հռչակագիրն ընթերցած՝ Հայ ազգային կոնգրեսյի փոխնախագահ Արամ Մանուկյանի համոզմամբ, փաստաթղթի հղումը Սահմանադրությունից հանելու հարցով հանրաքվեն վտանգավոր ծուղակ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով իր կարծիքն է հայտնում, որ հանրաքվեի դրվելիք Մայր օրենքի նոր նախագծում հղումն Անկախության հռչակագրին տեղ չպիտի ունենա: «Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է», - օրեր առաջ հայտարարեց վարչապետը:

«Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում հանրաքվեին, ապա ստացվում է, որ դու կատարում ես դրսի պահանջը, և քո երեք ընդունված Սահմանադրություններից, իսկ երեքում էլ եղել է հղում հռչակագրի վրա, և միջազգային որևէ կառույց, որևէ կազմակերպություն երբևէ չի ասել, որ մեր Սահմանադրությունը՝ ներառյալ հռչակագիրը, ունի որևէ վեճ միջազգային հանրության, միջազգային կոնվենցիաների, միջազգային խաղի կանոնների նկատմամբ: Այսինքն՝ «այո» քվեարկելը նշանակում է էս բոլոր սկզբունքների մերժում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Բայց, ըստ ՀԱԿ փոխնախագահի, պակաս վտանգավոր չէ, եթե հանրաքվեն տապալվի՝ չհավաքելով բավարար «այո». - «Ստացվում է, որ մենք ավելի գործուն խաղաքարտ ենք տալիս Ալիևին, Ադրբեջանին, առիթ ես տալու իբր խաղաղության դեմ գնալու և նույնիսկ ագրեսիայի կամ ոտնձգությունների հիմք տալու առումով: Փաշինյանը փորձելու է մեղքը գցել ժողովրդի վրա, որ «ժողովուրդը, տեսա՞ք, չքվեարկեց, ես ոչինչ անել չէի կարող»:

Մանուկյանի կարծիքով՝ շատ ավելի հավանական է հենց այս սցենարը, որ ժողովուրդը դեմ կքվեարկի, ուստի, ընդդիմադիր գործիչը կարծում է՝ բանը չպիտի հասնի հանրաքվեի:

Նոր Սահմանադրությունն ընդունելու համար անհրաժեշտ է շուրջ 650 հազար ձայն՝ ընտրելու իրավունք ունեցողների 1/4-ի «այո»-ն: Համապետական վերջին՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 688 հազարից ավելի քվե:

Բաքվի սաստկացող պահանջների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է, թե Ադրբեջանի պահանջով է Սահմանադրությունից հանվելու Անկախության հռչակագիրը, որտեղ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա:

«Այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, չի կարող լինել, դա անհնար է», - պնդում է Փաշինյանը:


Խորհրդային շրջանի այլախոհ, անկախական Վարդան Հարությունյանն ասում է՝ ծիծաղելի կորակեր այս գնահատականը, եթե իրականում այն ողբերգական չլիներ:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Ակնհայտ է, որ Բաքվից հնչող թելադրանքներին է ենթարկվում, և ցավն այն է, որ նա այդ թելադրանքները չի կարողանում ճիշտ ժամանակին ճիշտ հասկանալ և ճիշտ ընկալել և ձգում է՝ երկու, երեք տարի, անընդհատ ճնշումները ուժեղանալու են, զուգահեռ սկսում է նահանջել: Նրան թվում է, թե հերթական պարտադրանքը կատարելուց հետո նոր պարտադրանքներ չի լսելու, բայց հնչելու են նաև նոր պարտադրանքներ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հարությունյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդամենը օրեր առաջ կրկնելով Խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի այս նախապայմանը՝ միաժամանակ շեշտել էր, թե հանրաքվեով Սահմանադրությունը փոխելը նշան կլինի, որ հայ ժողովուրդը հասկացել է սխալը՝ հարևանների հանդեպ տևական ագրեսիվ քաղաքականությունը:

«Մենք ոտնձգություն ենք անում մեր քաղաքական համակարգի վրա՝ ելնելով այլ երկրի պահանջներից: Ակնհայտորեն սուվերենության կորուստ է: Այսինքն՝ դու ստիպված ես այլոց պահանջով փոփոխել քո ներքին կարգուկանոնը, ներքին կանոնադրությունը, Մայր օրենքը», - նշեց Արամ Մանուկյանը:

«Ոչ թե որպես քվեարկությամբ ընտրված Սահմանադրություն, այլ՝ պարտադրանքով թելադրված, ոչ մի անգամ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք չենք ունեցել համաձայնեցված գործողություն, ունեցել ենք միայն նահանջներ», - ասաց Վարդան Խաչատրյանը:

Արդեն հայտնի է, որ նոր Սահմանադրությունը հայեցակարգ չի ունենալու, միանգամից տեքստն է գրվում: Հանրաքվեի ժամկետի հարցում որոշակիություն չկա, բայց իշխանությունը չի բացառում, որ դա տեղի կունենա մյուս տարի՝ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG