Մատչելիության հղումներ

«Անհեթեթություն է նրանց պատճառով տուգանել մեկ այլ սուբյեկտի». դեղատները պնդում են՝ էլեկտրոնային դեղատոմսեր դուրս չեն գրվում


Դեղատների ցանցերն ահազանգում են՝ շարունակում են տուգանվել առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղեր վաճառելու համար, մինչդեռ սահմանված կարգին հենց բժիշկները չեն հետևում և իրենք պարզապես այլ տարբերակ չունեն: Չնայած ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներին ու քննարկումներին ընկերությունները պնդում են՝ սայլը տեղից չի շարժվում:

«Բոլոր բժիշկների հետ դեղատներից մեր մենեջերները կապվել են, որ բացատրեն, որ այդ դեղատոմսերը դուրս գրվեն, այդ դեղատոմսերը դուրս չեն գրվում, իրանք էլ են տեղյակ», - «Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:

Ըստ գործող կարգի՝ արդեն մեկ տարի է հարյուրավոր դեղամիջոցներ՝ հակաբիոտիկներից մինչև հակասնկայիններ պետք է վաճառվեն միայն բժշկի դուրս գրած էլեկտրոնային դեղատոմսով: Անցած ժամանակը, սակայն, ցույց տվեց՝ սա հիմնականում չի գործում:

Դեղատները պնդում են՝ պետությունը բժիշկներին պարտադրելու փոխարեն իրենց է տուգանում:

«Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանն իրավիճակն այլաբանորեն է ներկայացնում. - «Պատկերացրեք, որ ընդունեք, որ ուզում եք ձեռնարկատիրությամբ զբաղվեք, խոհարարական գործ եք ուզում սկսել ու նաև գրդնակ եք ձեռք բերում, որ խմորը բացեք: Հետո հաշվարկում եք՝ տեսնում եք, որ սա ձեր խելքի գործը չի, բայց տեսնում է, որ էն գրդնակը, որ դեղեր դուրս գրման էլեկտրոնային համակարգն ապահովեր դա չի կատարվելու, բայց դրանով տուգանելու գործիքը շատ լավնա: Էդ գրդնակը վերցնում ես, արդեն ոչ թե սկսում ես քո խոհարարական գործը կազմակերպել, այլ ասում ես՝ ավելի լավա դուրս գամ փողոց ու մարդկանց գլխին տամ, փողերը կորզեմ: Հիմա կառավարության պահվածքը նման ա դրան»:

«Վագա Ֆարմ»-ն ու 12 այլ ընկերություններ գրությամբ դիմել են վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով լուծել բժիշկների կողմից դեղատոմսերի դուրս գրման խնդիրը ու մինչ այդ դադարեցնել վարչարարությունը:

Սա նույն հարցով վարչապետին ուղղված առաջին նամակը չէ. ամիսներ առաջ էլ թեմայի շուրջ խորհրդարանական քննարկում էր կազմակերպվել:

Կառավարությունն ընդունում է՝ խնդիրներ կան. այս մասին շաբաթներ առաջ անձամբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ վերջին շրջանում արդեն դասական դարձած իր արտահայտությունն օգտագործելով՝ բարեփոխումը հանդիպում է իր խնդրին. - «Ես հանձնարարել եմ՝ Առողջապահության նախարարությունը պետք ա արձանագրի որ բժիշկներն են, որ էդպես են վարվում, իրանց հետ էլ խնդրենք, նորից խոսենք, նորից համոզենք, նորից խնդրենք, 5 անգամ խնդրենք, 10,20, 30, 40, 50, 100, 500 բայց 501-րդ անգամ արդեն պետք ա միջոց ձեռնարկվի, հակառակ դեպքում երբեք որևէ իրավակարգ չենք ունենա, որովհետև միշտ բոլոր իրավակարգներն ու կարգավորումները չեղարկելու տասնյակ պատճառներ կան»:

Դեղատների դժգոհ ներկայացուցիչներն ընդգծում են՝ բժիշկների հետ այսպիսի զրույցներ կամ չեն լինում կամ էլ դրանք արդյունք չեն տալիս. - «Նրանց պատճառով տուգանել մեկ այլ սուբյեկտի անհեթեթություն է, իրանք էլ են ընդունում, որ չի գրվում, եթե չի գրվում ո՞նց եք տուգանում»:

Վարչապետին ուղղված նամակում խնդրում են նաև հետ կանչել Արդարադատության նախարարության մշակած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի դրույթը: Դրա համաձայն, երբ տուգանված քաղաքացին դատարան է դիմում և գործը վարույթ է ընդունվում, ակտի կատարումը կասեցվում է, տուգանքը չի վճարվում, քանի դեռ վճիռ չկա:

Գործարարները, իրավաբանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ահազանգում են՝ սա կխախտի անմեղության կանխավարկածը, կարող է հանգեցնել բիզնեսների սնանկացման:

Դեղատների ներկայացուցիչները պնդում են՝ իրենց ոլորտում ստեղծված իրավիճակն այս նախաձեռնությունն ավելի սարսափելի է դարձնում:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մինչդեռ, հայտարարում է՝ պնդումները, թե ուզում են ստիպել քաղաքացիներին կամ բիզնեսներին վճարել և հետո դատարան դիմել, իրականությանը չեն համապատասխանում, նախագծի նպատակն, ըստ նրա, քաղաքացիներին անբարեխիղճ մարդկանցից պաշտպանելն է:

«Տուգանքի հետ չկապված մյուս բոլոր վարչական ակտերի պարագայում նախագիծը նախատեսում է հնարավորություն, որպեսզի վարչական ակտի բողոքարկման պարագայում վարչական, ակտի գործողությունն ավտոմատ կերպով չկասեցվի: Այդ վարչական ակտերը կարող են վերաբերել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց: Օրինակ՝ կարող են վերաբերել առերևույթ անբարեխիղճ ֆինանսական կազմակերպության գործունեության կասեցմանը, առևույթ անբարեխիղճ սննդի օբյեկտի գործունեության կասեցմանը և այլն», - նշեց Գալյանը:

Արդարադատության նախարարությունն աղմկահարույց նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկում է կազմակերպում, հետաքրքրվողները կարող են գրանցվել և մասնակցել:







XS
SM
MD
LG