Մատչելիության հղումներ

Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման


Անդրանիկ Փիլոյան, արխիվ
Անդրանիկ Փիլոյան, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր մեղավոր ճանաչվեց, «Ազատության»-ը փոխանցեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Դատարանը նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման, բայց Փիլոյանն անազատության մեջ կանցկացնի 4.5 տարի՝ քանի որ կես տարի եղել է կալանքի տակ։

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860 հազար դրամ:

Գործով նաև այլ անձինք, այդ թվում՝ ԱԻՆ այլ պաշտոնյաներ են անցնում։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր նաև մյուսների մասով վճիռը հրապարակեց՝ նշելով, որ գործով մեղավոր են ճանաչվել ԱԻՆ «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Արտակ Բեյբությանը (ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել), Փիլոյանի մտերիմ Վիգեն Գրիգորյանը (ազատազրկում՝ 8 տարի), Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Օհանյանը (ազատազրկում 1 տարի ժամկետով՝ պայմանականորեն չկիրառելով), ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետ Վիգեն Մկրտչյանը (տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել), ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը (տուգանք՝ 500 հազար դրամի չափով) և Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը (տուգանք՝ 1 մլն դրամի չափով)։ Իսկ ԱԻՆ-ից նյութական և այլ կախվածության մեջ գտնվող «Սօս Սիստեմս» ընկերության համահիմնադիր Արա Յաղջյանն արդարացվել է։

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։

Անդրանիկ Փիլոյանը արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերից, երբ 2018-ից այս պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական ներկայացրեց։ Պատերազմի թեժ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նա կարժանանա «Ազգային հերոսի» կոչմանը։ Երկու օր անց Փիլոյանը նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Ազգային հերոսի» կոչումով:

2022-ի մարտին Փիլոյանը ձերբակալվեց՝ կոռուպցիոն գործարքների մասնակցելու կասկածանքով։ Նրա ձերբակալությունից երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էին իրականացրել նախարարությունում՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:

XS
SM
MD
LG