Մատչելիության հղումներ

18-ամյա դաշնակցական Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց


Ահաբեկչության նախապատրաստության հոդվածով ձերբակալված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն այսօր կալանավորվեց:

«Որևէ անկանխատեսելի բան տեղ չունեցավ, երկու ամսով Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց՝ սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար, անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն», - դատական նիստից հետո հայտարարեց փաստաբանը:

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ մինչև այս պահը իրավապահները չեն պարզաբանել, թե երիտասարդ դաշնակցականի մոտից առգրավված սթրայքբոլ խաղի պարագաներով նա ինչպես էր պատրաստվում ահաբեկչություն անել. - «Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր էդ ահաբեկչությունը անում, ում դեմ էր անում և այլն, որևէ տեղեկություն քննչական մարմինները այս պահի դրությամբ չունեն»:

Փաստաբանն ընդգծեց՝ դատարանը մի դրական քայլ արեց՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդի տեսակցությունները ծնողների հետ չարգելափակեց: «Չեմ կարող ավելի հստակ ասել, բայց դե էնպիսի առողջական խնդիր է, որը որ խոչընդոտ է բանակում ծառայության համար», - նշեց նա:

Մելիքյանի խոսքով՝ երեքշաբթի գիշերն են իրավապահները հետաքրքրվել դաշնակցական երիտասարդով, առգրավել խաղի պարագաները: Պնդեց՝ Անդրանիկի մոտ որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել: Խաղի պարագաներն էլ տատի տանն են եղել, պետք է տաներ իրենց տուն, չի հասցրել: Տատը տնից դուրս է դրել, ինչ-որ մեկը տեսել է, զանգել ոստիկանություն:

«Ինչ-որ մարտական, չեմ իմանում ինչ, «Ֆ1», և այլն, և այլն, չէ՞, էդպիսի բաներ են խոսում, դա Անդրանիկ Չամիչյանի հետ ոչ մի կապ չունի, Անդրանիկ Չամիչյանի մոտից որևէ առանձին ապօրինի իր հայտնաբերված չի, և դա է պատճառը, որ սկզբից նրան ձերբակալել էին երկու հոդվածով՝ ահաբեկչության նախապատրաստություն և ապօրինի ռազմամթերք պահելը, մեղադրանք առաջադրելիս երկրորդը հանեցին», - ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Մենք կարող ենք հիմա վերցնել էստեղ որևէ առարկա և դա դարձնել ահաբեկչության գործիք, ինչի՞ մասին է խոսքը: Սա է ամբողջ աբսուրդը էս ամեն ինչի, որ ամեն ինչն էլ կարող են, և դա որպես փաստարկ բերել, և միայն դա որպես փաստարկ ունենալ, չգիտեմ»:

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց դաշնակցական 7 երիտասարդների, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալելու մասին: Պնդեցին, որ բացահայտել են ահաբեկչության փորձ, հրապարակեցին դաշնակցականների տներից առգրավված իրերի լուսանկարները՝ էլեկտրական դետոնատոր, որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասերը, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Որպես առերևույթ հանցագործության ապացույց հրապարակել էին նաև Դաշնակցության ավելի քան մեկդարյա կարգախոսով՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկը: Քննչականը, միևնույն ժամանակ, ապատեղեկատվություն էր որակել մյուս կողմի պնդումները, թե առգրավված իրերը իրենցից որևէ վտանգ չեն ներկայացնում, ընդգծել էր, որ կատարվել են բազմակողմանի փորձաքննություններ, ըստ որոնց՝ խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը «Ֆ1» մարտական տեսակի է, իսկ երկու էլեկտրական դետոնատորները՝ ռազմամթերք:

«Իրերը, որոնք հայտնաբերվել են, օրինական են և ոչ մի կապ չեն կարող ունենալ այս անօրինական գործընթացների հետ: Մենք կրկնում ենք՝ մենք այս իրերը օգտագործում ենք մեր սթրայքբոլ խաղերի համար և մենք որոշել ենք մեր հետ բերել այն իրերը, որոնք դեռ ունենք մեզ մոտ». - այսօր Քննչական կոմիտեի Երևանի վարչության շենքի առջև, որտեղ երեկ տարվել էին ձերբակալվածները, բողոքի ակցիա անցկացրեցին Դաշնակցության երիտասարդները: Նրանք իրենց հետ բերել էին խաղալիք հրացաններ ու նռնակներ, ինչպես նաև՝ Դաշնակցության կարգախոսով շապիկները:

«Մենք բերել ենք այս իրերը՝ ցույց տալու, որ այս իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութներում: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ այս ապօրինի և ծիծաղ առաջացնող գործընթացներից և անհապաղ բաց թողնել մեր ձերբակալված՝ հայրենիքի նվիրյալ մեր ընկերներին», - հայտարարում էին ակցիայի մասնակիցները:

«Մեր երիտասարդական միությունը որևէ նմանատիպ նռնակ կամ չգիտեմ ինչ, ինչ որ իրենք հայտարարել են, չունի և չի ունեցել և չի կարող ունենալ», - լրագրողների հետ զրույցում պնդեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Երեկ ձերբակալված 7 հոգուց միայն մեկն է կալանավորված, մյուսները ձերբակալվածի կարգավիճակ ունեն: Քննչականը դեռևս տեղեկություն չի հաղորդում՝ արդյոք նրանց մեղադրանք կառաջադրվի, և եթե չառաջադրվի, երբ ազատ կարձակվեն:

«Հիշեցնեմ, որ Nike-ի զեղչի քարտ են հրապարակել նաև էդ իրենց նկարներում ու ասում են՝ «տեսեք, ահաբեկչություն է», - ասաց ակցիային ներկա պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Քննչականի նշած մարտական նռնակը հայտնաբերել են ձերբակալվածներից Ալիկ Ասատրյանի տանը: Բայց դա մարտական չէ, պնդեց պատգամավորը, դրանով ահաբեկչություն հնարավոր չէ անել՝ «ոչ մարտական վիճակի գտնվող»:

«Այսինքն՝ եթե մեղադրանքը այն է, որ դաշնակցականներից մեկի տանը մի նռնակ են հայտնաբերել, լավ, կարող են դրանով մեղադրանք առաջադրել, բայց ի՞նչ մեղադրանք դրանով կարող են առաջադրել: Մեղադրանքը եթե այն է, որ մենք ահաբեկչություն ենք կազմակերպել կառույցով, նախապատրաստել, դա չի համապատասխանում իրականությանը, իրենց իսկ հայտնաբերած իրեղեն ապացույցները վկայում են, որ դրանով չէին կարող կազմակերպել էն, ինչում մեղադրում են», - հայտարարեց Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ այս պարագաներով իրենց երիտասարդները խաղեր են կազմակերպել, մինչդեռ իրավապահները սրանով փորձում են Դաշնակցությանը մեղադրել ծանր հանցագործության մեջ:

«Որևէ ահաբեկչություն երբեք ոչ միայն չենք պլանավորել, չենք էլ պլանավորելու, որովհետև Դաշնակցությունը չեք կարող գտնել մի դեպք, որ իր զենքը, բռունցքը ուղղել է ազգի ներսին, ուղղել է հայի դեմ, դա միշտ ուղղված է եղել հայ ազգի թշնամիներին», - վստահեցրեց Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորը համոզված է, որ այս ամենի նպատակը Դաշնակցությունը փակելն է: Իշխանության շարքերից, ի դեպ, արդեն նման տեսակետներ հնչել են:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG