Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է երկու ամսով, այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
Ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո իրավապահները բերման էին ենթարկել մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:
Նույն այս գործով մեկ այլ փաստաբան Ռուբեն Մելիքյանն է ականատես եղել գործընկերոջը բերման ենթարկելուն. - «Ես իմ ընկերների հետ ականատես ենք եղել, թե ինչպես են ֆաշիստական ձևերով ձերբակալել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Էդ պահին նկատեցինք, որ դիմակավորված ԱԱԾ-ականներ, չգիտեմ՝ ԱԱԾ-ական, Ոստիկանության ներկայացուցիչ, ինչ, ինչ-որ մեկին ավտոմեքենայից հանեցին՝ շատ կոշտ ձևով, Ուսամա Բեն Լադենի ձերբակալությունը երևի տենց կլիներ, էլի, նույնիսկ ավելի մեղմ ձևով կլիներ, շատ կոշտ ձևով ինչ-որ մարդ իջեցրեցին ավտոյից, լավ չնկատեցինք՝ ում են ձերբակալում»:
Քննչական կոմիտեն հաղորդել է, թե քրեական հետապնդում է հարուցվել դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելու համար։
Կոչուբաևը ֆեյսբուքյան էջի վերջին գրառմամբ կոշտ բառերով քննադատել էր Մկրտիչ սրբազանի կալանավորումը: Նախորդ շաբաթ էլ քննադատել էր Տավուշի թեմի նախկին առաջնորդի գործով իրավապահներին: