Մատչելիության հղումներ

Ամոյանի ոսկին, Ալեքսանյանի պարտությունը. ըմբշամարտի աշխարհի առաջնությունը 


Լուսանկարը՝ «Արմենպրես» գործակալության
Լուսանկարը՝ «Արմենպրես» գործակալության

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստանը հինգերորդն է թիմային պայքարում՝ 1 ոսկի և երկու բրոնզ արդյունքով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 18-25-ը:

Ոսկին Հայաստանին Մալխաս Ամոյանն է բերել՝ հաղթելով ճապոնացի օլիմպիական չեմպիոնին:

«Աշխարհի առաջնությանը միայն ոսկե մեդալի համար էի մեկնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց 5 գոտեմարտ հաղթած, աշխարհի կրկնակի չեմպիոն Ամոյանը:

Առաջնությունում Հրաչյա Պողոսյանն ու Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալներ նվաճեցին։ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում՝ զիջելով Ադրբեջանի ներկայացուցչին:

Բրոնզե մեդալով վերադարձած Սլավիկ Գալստյանն էլ նշեց՝ կարևոր մեդալ էր իր համար, բայց կարող էր նաև ոսկի նվաճել. Գալստյանը 5 գոտեմարտից 4-ում հաղթել է, մեկում՝ պարտվել 1 միավորի տարբերությամբ:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն աշխարհի առաջնությունում Հայաստանի մասնակցությունը «բավարար» է գնահատում:

Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի մրցելույթներին՝ նա նշեց. «97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը, հաղթելով չինացի մարզիկին, հետո եկավ ադրբեջանցու հետ, բռնվածքը ուղղակի «սոթ տվեց», կարելի է ասել, դա երևի 100 տարին մեկ է լինում, և այս անգամ եղավ Արթուրի հետ»,:

Արթուր Ալեքսանյանը դեռ իր խոսքը կասի, հայտարարեց մարզչիչը՝ հիշեցնելով՝ մարզիկը 16 տարի շարունակ Հայաստանի անունը բարձր է պահել միջազգային մրցումներում. «Արթուրի աշխատած մեդալները եթե գցեմ ինչ-որ մեկի վզին, կարող է այդ վիզը կախվել, էլ չկարողանան բարձրացնել»:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG