Մատչելիության հղումներ

Amnesty International-ը Թբիլիսիին կոչ է անում Աֆղան Սադիգովին չարտահանձնել Ադրբեջանին


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել լրագրող Աֆղան Սադիգովին չարտահանձնել Ադրբեջանին։

Իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պետք է անմիջապես դադարեցնեն ադրբեջանցի լրագրող, AzelTV-ի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին Ադրբեջանին հանձնելու փորձերը։

2020 թվականին Սադիգովը Ադրբեջանում դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման։ 2023-ին համաներմամբ ազատ էր արձակվել և նույն թվականից ընտանիքով ապրում են Վրաստանում։

Օգոստոսի 4-ին Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնեց, որ Թբիլիսիում ձերբակալել են Սադիգովին՝ Ադրբեջանին արտահանձնելու նպատակով:

Amnesty International-ը, հիշեցնելով Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, նշում է, որ Վրաստանը պետք է ապահովի Սադիգովի և նրա կնոջ պաշտպանությունը, եթե նրանք նման խնդրանքով դիմեն իշխանություններին։

«Դժվար թե որևէ մեկի մոտ կասկածներ լինեն, որ նրա արտահանձնումն Ադրբեջանին մարդու իրավունքների լուրջ խախտումների՝ ներառյալ խոշտանգումների, կամայական ազատազրկման և անարդար դատավարության ռիսկեր կառաջացնի։ Սադիգովի գործը շարունակում է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցները արմատախիլ անելու միտումը, որը COP 29-ի նախաշեմին ակտիվացել է», - ասել է Դենիս Կրիվոշեևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG