Մատչելիության հղումներ

Amnesty International. «Հայաստանի ոստիկանությունը ցուցարարների դեմ անօրինական ուժ է կիրառել»


Երևան, 12-ը հունիսի, 2024թ.
Երևան, 12-ը հունիսի, 2024թ.

Հայաստանի ոստիկանության կողմից նախորդ տարի ցուցարարների դեմ կիրառված ուժը «որոշ դեպքերում իրավաչափ չէր», պնդում են աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի՝ Amnesty International-ի ներկայացուցիչները։

2024 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում տիրող իրավիճակի մասին այսօր հրապարակված զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում իրավապաշտպանները նշում են․ «Վարչապետի հրաժարականի պահանջով ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել։ Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանության և սահմանազատման դեմ բողոքող ցուցարարների միջև։ 101 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկանության 17 աշխատակից։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ 98 մարդ ձերբակալվել է, նրանցից առնվազն 15-ին հետագայում հասարակական կարգը խախտելու և խուլիգանության մեղադրանքներ են առաջադրվել։ Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքում իրավապահներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»:

Իրավապաշտպանների խոսքով՝ նախորդ տարվա գարնանը սկիզբ առած ցույցերի ևս մեկ առանձնահատկությունը լրագրողների դեմ ճնշումներն էին:

«Ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերն ուղեկցվել են լրագրողների դեմ ճնշումների և հետապնդումների, այդ թվում՝ նրանց ուղղված վիրավորանքի և սպառնալիքների դեպքերի աճով։ Հայաստանում գործող «Խոսքի ազատության կոմիտեի» տվյալներով՝ լրատվամիջոցների 14 ներկայացուցիչներ են տուժել բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում։ Դա տեղի է ունեցել թե թիրախային հարձակումների և թե ամբոխի հրմշտոցի պատճառով։ Որոշ լրագրողների հրել և գետին են գցել, ոմանք էլ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել՝ վնասվածքներ ստանալով», - նշված է Amnesty International-ի պատրաստած զեկույցում։

Իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում հիշատակում է նաև ընդդիմության աջակիցներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի՝ 2024-ի մարտի 22-ին տեղի ունեցած ձերբակալությունը։ «Երկու տղամարդիկ մեղադրվում էին Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության մյուս անդամների մասին AntiFake կայքում անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։ Նրանց դատավարությունը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին։ Եթե դատարանը Սաղաթելյանին և Սամսոնյանին մեղավոր ճանաչի, նրանց կարող է մինչև հինգ տարվա ազատազրկում սպառնալ»,-նշում են Amnesty International-ի իրավապաշտպանները։

Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված կացությանը՝ նաև ընդգծում են, որ Ադրբեջանի հետ լարվածությունը 2024-ին պահպանվել է։

«Ադրբեջանի հետ հետկոնֆլիկտային լարվածությունը շարունակում է Հայաստանում ներքաղաքական խժդժությունները սնուցող գործոն հանդիսանալ»,- նշում են զեկույցի հեղինակները՝ կրկին անդրադառնալով նախորդ տարվա մայիսին սկիզբ առած սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։

Amnesty International-ի ներկայացուցիչների պնդմամբ՝ Բաքվի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնության հետևանքով Տավուշի մարզի չորս գյուղեր մնացին ադրբեջանական կողմում։

Զեկույցի հեղինակներն անդրադառնում են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանմանը՝ նշելով, որ նրանք Հայաստանում շարունակում են լուրջ խնդիրների բախվել։

«Կառավարությունը շարունակում է դժվարությունների բախվել այն ավելի քան 100,000 փախստականների ինտեգրման հարցում, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողության հաստատումից հետո ապաստան են գտել Հայաստանում»,- նշում են զեկույցի հեղինակները՝ մանրամասնելով, - «Հատկապես բնակարանային ապահովման, զբաղվածության և կրթության հարցերը շատ փախստականների համար շարունակում էին խնդրահարույց մնալ։ Նրանց [Լեռնային Ղարաբաղ] անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը մնաց չիրականացված»:

Զեկույցի հեղինակները հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադառնում են նաև փաստաթղթի Ադրբեջանին նվիրված հատվածում։

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց արձանագրվեց օգոստոսին, այն բանից հետո, երբ Ադրբեջանը համաձայնեց [այդ բանակցությունների] օրակարգից հեռացնել իր հիմնական տարածքը Նախիջևանի էքսկլավին կապող «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջը։

Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր պայմանները, սակայն, մասնավորաբար Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու և փաստաթղթից Լեռնային Ղարաբաղի հետ միասնության մասին հղումները հեռացնելու, ինչպես նաև սահմանազատման շուրջ շարունակվող վեճերը,ավելի բարդացրին վերջնական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը»,-նշում են Amnesty International-ի ամենամյա զեկույցի հեղինակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG