ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պաշտոնյաները ներգրավված են լրագրողների, ընդդիմադիրների և ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների մեջ։
«Վրաստանում ընտրություններից հետո Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները դաժան բռնաճնշումներ են իրականացրել սեփական ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ լրագրողների վրա կանխամտածված հարձակումներ և բռնություն գործել», - հայտարարել է Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Բրեդլի Սմիթը։
Դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց 20 անձանց նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար: Ցուցակում ընդգրկված էին նախարարներ, պատգամավորներ, իրավապահ մարմինների և անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև մասնավոր անձինք: Նրանց անունները չեն բացահայտվում։ Ավելի վաղ էլ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։
Երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները, Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին: Ակցիաներն ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ էին կիրառում ցուցարարների նկատմամբ։