Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ


Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ հիմնավորելով, որ նա խաթարում է Վրաստանի ժողովրդավարական ապագան՝ ի շահ Ռուսաստանի:

Իվանիշվիլին այժմ ընտրովի պաշտոն չունի, սակայն, ըստ տարածված կարծիքի, հենց նա է Վրաստանի իրական ստվերային ղեկավարը։

«Մենք խստորեն դատապարտում ենք «Վրացական երազանքի» գործողությունները Իվանիշվիլիի ղեկավարությամբ, ներառյալ նրա շարունակական և բռնի ճնշումները Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Բլինքենը հայտարարության մեջ ավելացրել է, որ Իվանիշվիլին և «Վրացական երազանքը» «քայքայել են ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարել են մարդու իրավունքներն ու սահմանափակել հիմնարար ազատությունները Վրաստանում»:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը «խաթարել է Վրաստանի եվրաատլանտյան ապագան»՝ երկիրը խոցելի դարձնելով Ռուսաստանի համար:

Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը, թեժացրեց խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո Վրաստանում սկսված փողոցային պայքարը, բողոքի ցույցերն արդեն երկրորդ ամիսն է՝ շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG