Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային պաշտպանական բնույթի հավելյալ սպառազինություն կմատակարարի, որպեսզի այն կարողանա պաշտպանվել Ռուսաստանի հարվածներից։ ԱՄՆ նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Պենտագոնը հայտնել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումը՝ ամերիկյան պաշարների սուղ լինելու պատճառով:
«Մենք նախատեսում ենք հավելյալ զենք ուղարկել։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանց հիմա շատ ուժեղ հարվածում են։ Ստիպված ենք ավելի շատ զենք ուղարկել, այո, հիմնականում՝ պաշտպանական զենք», - ասել է Թրամփը:
Նախագահի հայտարարությունից հետո Պենտագոնի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ արդեն ուղարկում են այդ սպառազինությունը: Շոն Փարնելը, սակայն, չի պարզաբանել, թե ինչ զինատեսակներ են դրանք:
Politico-ն իր աղբյուրներին հղումով գրում է, որ մատակարարումը կարող է վերսկսվել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի միջև այս և հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումներից հետո: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, որոնք ծանոթ են Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցություններին, ԱՄՆ-ը տեղեկացրել է Ուկրաինային, որ շուտով կվերսկսի ինժեներական սարքավորումների և որոշ զրահատեխնիկայի մատակարարումը, սակայն դեռ կոնկրետ ժամկետներ չեն նշել։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտն ասել է, որ մատակարարման դադարեցումը կապված էր ամբողջ աշխարհում ռազմական մատակարարումների վերաբերյալ ԱՄՆ ռազմավարության վերանայման հետ. - «Սա Պենտագոնի կողմից աշխարհի բոլոր երկրներին և տարածաշրջաններին, ոչ միայն Ուկրաինային, տրամադրվող բոլոր զենքերի, բոլոր տեսակի օգնության ստանդարտ վերանայում է ... Այս դադարը նպատակ ունի վերլուծել, համոզվել, որ Պենտագոնի ուղարկած ամեն ինչ համապատասխանում է մեր շահերին»:
Կրեմլի խոսնակն ասել է, որ դեռ որևէ վերջնական տեղեկատվություն չկա, որը կհաստատի, որ զենքի մատակարարումներն ավարտվել կամ դադարեցվել են։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ակնհայտ է, որ մատակարարումը շարունակվում է, ինչը, ըստ նրա, հազիվ թե նպաստի խաղաղ կարգավորմանը:
«Այդքանը մեզ համար շատ պարզ է։ Ակնհայտ է, որ եվրոպացիներն են ակտիվ մասնակցում Ուկրաինային զենք մատակարարելուն։ Եվ միանգամայն պարզ է, որ այս գործողությունները դժվար թե տեղավորվեն խաղաղ կարգավորումը խթանելու փորձերի տրամաբանության մեջ», - հայտարարել է Պեսկովը:
Ամերիկյան Axios-ը, հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմում իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը կասեցնելուց հետո Գերմանիայի կանցլերը զանգահարել է Դոնալդ Թրամփին և խնդրել, որ վերսկսեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների մատակարարումն Ուկրաինային, որոնք մեծ նշանակություն ունեն երկրի երկինքը պաշտպանելու համար։
Ըստ Axios-ի՝ Ֆրիդրիխ Մերցը Թրամփին ասել է, որ Գերմանիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր և դրանք ուղարկել Ուկրաինա։ Թրամփն, իր հերթին, առաջարկել է, որ Գերմանիան Ուկրաինային վաճառի ի՛ր Patriot համակարգերից մեկը։ Առաջնորդները համաձայնության չեն եկել, իսկ անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարն Ուկրաինայի նախագահին խոստացել է անհապաղ Ուկրաինա ուղարկել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված 10 հրթիռ:
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմաճակատում ավելացնել բոլոր տեսակի անօդաչուների օգտագործումը, հատկապես նրանց, որոնք օգնում են առաջնագծում: Երեկոյան ուղերձում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ անօդաչուների և տեխնոլոգիական լուծումների շնորհիվ կկարողանան զսպել ռուսական հարձակումները:
«Մենք նաև շարունակում ենք աշխատանքն օդային հարվածներին հակազդելու ուղղությամբ: Հակաօդային պաշտպանության հետ կապված ամեն ինչ այսօր մեզ համար գերակա խնդիր է», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Մինչ ԱՄՆ-ը խոստանում է հավելյալ զենք ուղարկել Ուկրաինա, Եվրոպական միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի այն համաձայնի հրադադարին: Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ դրանք վերջին երեք տարում սահմանված ամենախիստ պատժամիջոցները կլինեն և կթիրախավորեն էներգետիկ ոլորտը, որից ստացվող եկամուտները Ռուսաստանին թույլ են տալիս շարունակել Ուկրաինայի դեմ արյունալի պատերազմը: Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ պատժամիջոցները կսահմանվեն Ֆրանսիայի առաջարկով:
«Մենք ուզում ենք, որ Վլադիմիր Պուտինը վերջապես համաձայնի հրադադարին, քանի որ տեսնում ենք, որ նախագահ Թրամփի կողմից 30-օրյա հրադադարի առաջարկից ի վեր Ուկրաինայի վրա ռուսական հարվածները հնգապատկվել են», - ընդգծել է Բարոն:
Այս ընթացքում ռազմաճակատում իրավիճակը մնում է լարված: Գիշերը ռուսական զինուժը S-300 և S-400 զենիթային կառավարվող հրթիռներով և գրոհային անօդաչուներով հարձակվել է ուկրաինական տարբեր բնակավայրերի վրա: Խերսոնում կա մեկ զոհ, ինը վիրավոր, ևս մեկ զոհ կա Օդեսայում, երկու վիրավոր էլ կա Դնեպրոպետրովսկում:
Ըստ ուկրաինական կողմի՝ Խարկովի մարզում ռուսական զինուժը հատել է ուկրաինայի պետական սահմանը:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, անօդաչուներով հարձակվել է ռուսական մի քանի բնակավայրի վրա: Մոսկվայի մոտակայքում անօդաչուները հարվածել են զինամթերքի գործարանի: