ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանին տրամադրել 145 միլիոն դոլար աջակցություն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը:
«Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով», - ասել է Բրենդան Հենրեհենը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: