Միացյալ Նահանգները կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և թույլ տալ, որ Անկարան կրկին գնի ամերիկյան F-35 կործանիչներ, երեկ նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումը:
Օվալաձև աշխատասենյակում ջերմ մթնոլորտում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահը հենց սկզբից հստակեցրեց՝ Ռեջեփ Էրդողանն իր ընկերն է. «Մենք երկար ժամանակ շատ լավ հարաբերություններ ունենք… Նա կոշտ մարդ է։ Շատ ինքնավստահ է։ Սովորաբար չեմ սիրում ինքնավստահ մարդկանց, բայց նա միշտ ինձ դուր է գալիս»:
Ռեջեփ Էրդողանը Սպիտակ տուն էր այցելել առաջին անգամ վերջին վեց տարում՝ ակնկալելով վերականգնել ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, որոնք սրվել էին 2019-ին, երբ Թուրքիան, հակառակ Վաշինգտոնի զգուշացումներին, հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնեց Ռուսաստանից: Այս անգամ Սպիտակ տան ղեկավարը այլ պահանջ դրեց նրա առաջ. «Կարծում եմ, որ նա կդադարեցնի ռուսական նավթի գնումը։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև նա կարող է այն գնել շատ այլ երկրներից»:
Թուրքիայի նախագահը Ռուսական նավթից հրաժարվելու Թրամփի առաջարկի մասին որևէ բառ չասաց: Միայն վստահություն հայտնեց, որ կկարողանան քննարկել բոլոր հարցերը և հարաբերությունները հասցնել բոլորովին այլ մակարդակի:
«Մենք այսօր հնարավորություն ունենք քննարկելու F-35 և F-16 կործանիչների հետ կապված որոշ հարցեր, և կկարողանանք դրանք մանրամասն քննարկել», - ընդգծել է Էրդողանը։
Այս հանդիպման արդյունքում Թուրքիան կարող է Ամերիկայից գնել ամեն ինչ. Bloomberg
Էրդողանի հետ մոտ երկու ժամ շարունակված հանդիպումը Թրամփը հիանալի է որակել, ասել, որ շատ գործարքներ կնքեցին։ Այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով, որ ավելի ուշ հայտարարություն կանեն: Այս պահին հայտնի է միայն, որ Թուրքիան և ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Reuters-ը գրում է, որ Էրդողանը ձգտում է օգտագործել Թրամփի հետ անձնական կապերը՝ Թուրքիայի պետական շահերն առաջ մղելու համար և օգտվել թանկարժեք զենքի վաճառքի և առևտրային համաձայնագրերի դիմաց գործարքներ կնքելու՝ ԱՄՆ գործող վարչակազմի պատրաստակամությունից:
Bloomberg-ն էլ, թուրք պաշտոնյաների հղումով, նշում է, որ այս հանդիպման արդյունքում Թուրքիան կարող է Ամերիկայից գնել ամեն ինչ՝ սկսած Lockheed Martin ընկերության կործանիչներից և Boeing-ի ինքնաթիռներից մինչև հեղուկ բնական գազ: Խոսքն ավելի քան 50 միլիարդ դոլար արժողությամբ գործարքների մասին է։
Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ունի, ըստ գործակալության, դեռ կախված է ԱՄՆ ռազմական և դիվանագիտական աջակցությունից՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:
Ըստ Լոնդոնում գործող Eurasia Group Europe խորհրդատվական ընկերության տնօրեն Էմրե Պեքերի՝ Էրդողանը ցանկանում է օգտագործել Թրամփի նախագահությունը՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վերաձևավորելու և բարելավելու համար՝ կենտրոնանալով հատկապես Թրամփին հետաքրքրող պաշտպանական ոլորտի վրա:
«Էներգետիկ և պաշտպանական ոլորտների համաձայնագրերը, որոնց ձգտում է Էրդողանը, փոխշահավետ, գործարքային հարաբերությունների գլխավոր հենասյուներն են, որոնք համապատասխանում են Թրամփի՝ գործարքներ կնքելու հակմանը», - ասել է Էմրե Պեքերը։
Սպիտակ տան հետ սերտ հարաբերությունները Էրդողանին նաև հնարավորություն կտա ամրապնդել թուրքական շուկաները, որտեղ գնաճը արդեն գերազանցում է 30 տոկոսը:
Անկարայում գործող TEPAV վերլուծական կենտրոնի ռազմավարագետ Նիհաթ Ալի Օզջանի կարծիքով՝ Էրդողանը, որի համար առաջնահերթություն է նախագահ մնալը, ձգտում է մինչև 2028-ի կամ ավելի վաղ կայանալիք ընտրությունները խուսափել իր իշխանավարումը վտանգելուց՝ ԱՄՆ-ից եկող որևէ խնդրի պատճառով: