Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային ռազմական օգնության նոր մեխանիզմ


ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի դրոշները, արխիվ
ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի դրոշները, արխիվ

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային ռազմական օգնության նոր մեխանիզմ, որի նպատակն է Կիևին ապահովել սպառազինությամբ, որը հնարավոր է արագ և մեծ քանակով ձեռք բերել ԱՄՆ-ից: Դրա համար կվճարեն, սակայն, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ու Կանադան:

Ուկրաինայի պաշտպանության նախարարն ասել է, որ «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» անունն ստացած նախաձեռնությունը համաձայնեցրել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Այն աշխատելու է այսպես. Ուկրաինան կներկայացնի իրեն հրատապ անհրաժեշտ սպառազինության ցանկը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամատարությունը կհաստատի այն, ինչից հետո ԱՄՆ-ն այն կտրամադրի իր պաշարներից:

Նոր սխեմայով Ուկրաինային առաջինը զենք կմատակարարի Նիդեռլանդները: Երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը սոցցանցում գրել է, որ Ուկրաինային այժմ ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք է անհրաժեշտ:

«Նիդեռլանդները Կիևին կտրամադրի ամերիկյան զենքի համակարգերի փաթեթ, ներառյալ Patriot համալիրների համար նախատեսված բաղադրիչներ և հրթիռներ՝ 500 միլիոն եվրո արժողությամբ», - հայտարարել է Բրեկելմանսը:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հիշեցրել է, որ երբ հայտարարվեց նախաձեռնության մասին, անդամ երկրներից շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել Ուկրաինային և մեկտեղել իրենց գումարն ու ռեսուրսները: Ըստ Մեթյու Ուիթաքերի՝ Նիդեռլանդներից հետո նախաձեռնությանը առաջիկա շաբաթներին կմիանան մի շարք այլ երկրներ:

«Սա է ՆԱՏՕ-ի ամբողջ նպատակը, և այն, ինչն այս դաշինքը դարձնում է ամենաուժեղը, այս հարթակն է, որտեղ մենք կարող ենք շփվել դաշնակիցների հետ, քննարկել խնդիրները և լուծումներ գտնել», - հայտարարել է Ուիթաքերը:

Մինչ Արևմուտքը շարունակում է Ուկրաինային ռազմական աջակցությունը, Ռուսաստանը հայտարարել է, որ դուրս է գալիս միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մասին համաձայնագրից, որն ստորագրվել է 1988-ին: Դրանով Մոսկվան պարտավորվել էր չտեղակայել նման հրթիռներ այն տարածաշրջաններում, որտեղ ՆԱՏՕ-ն դա չի անում։ ԱՄՆ-ն ավելի ուշ դուրս էր եկել համաձայնագրից՝ նշելով, որ ռուսական «Իսկանդեր» համակարգերի հրթիռներից մեկը խախտում է դրա պայմանները:

Եվ հիմա Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են», քանզի ՆԱՏՕ-ն սկսել է նման հրթիռներ տեղակայել Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

«Ռուսաստանի արտգործնախարարությունը փաստում է, որ վերացել են այդպիսի զենքի տեղակայման վերաբերյալ միակողմանի մորատորիումի պահպանման պայմանները և ... ՌԴ-ն այլևս պարտավորված չէ հետևելու նախկինում ընդունված համապատասխան ինքնասահմանափակումներին», - ասված է հայտարարությունում:

Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներ է սահմանել ռուսական թանգարանների 15 ղեկավարների նկատմամբ, որոնք, ըստ Կիևի, անցկացնում են Ռուսաստանի ագրեսիան փառաբանող ցուցահանդեսներ և փորձում յուրացնել ուկրաինական մշակութային գանձերը:

Իսկ ռազմական իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ռուսական բանակը լայնածավալ հարձակում է գործել Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա, վնասվել են երկաթուղային կայարանը և այլ ենթակառուցվածքներ, զոհվել է կայարանի աշխատողներից մեկը, կա ևս տասը վիրավոր: Հրթիռային հարվածից երկու մարդ էլ զոհվել է Սումիում: Ռուսական կողմը հայտարարել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Դնեպրոպետրովսկում:

Վլադիմիր Զելենսկին սոցցանցում գրել է, որ Խարկովի Վոլչանսկ քաղաքի ուղղությամբ մարտերին մասնակցում են Չինաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Պակիստանից և աֆրիկյան երկրներից վարձկաններ:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, անօդաչուներ է արձակել Բրյանսկի, Կալուգայի, Սմոլենսկի և Ռոստովի ուղղությամբ: Ռոստովում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել երկաթուղային կայարանի մոտակայքում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG