Ամերիկյան պատվիրակությունը`պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ, ըստ լրատվամիջոցների, վաղը կարող է մեկնարկել ռուսական կողմի հետ հանդիպումը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ:
Սա երկու գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից ի վեր։ Այս հանդիպմանը Ուկրաինան, ինչպես նաև եվրոպացիները հրավիրված չեն, սակայն ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է, թե Զելենսկին մասնակցելու է բանակցություններին։ Թե որ փուլում՝ Թրամփը չի հստակեցրել։
«Մենք առաջ ենք շարժվում, փորձում ենք խաղաղության հասնել Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ և շատ եռանդուն ենք աշխատում», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Կարծում եք Զելենսկին և՞ս մասնակցելու է այդ զրույցներին, ո՞րն է լինելու նրա դերը», - լրագրողի այս հարցին ԱՄՆ նախագահն արձագանքել է. - «Նա մասնակցելու է, այո»։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյից բացի՝ ամերիկյան կողմից Սաուդիան Արաբիա են մեկնել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Հուսով ենք, որ մենք որոշ առաջընթացի կհասնենք», - ասել է Ուիթքոֆը երեկ Fox News-ին։
Թրամփն, իր հերթին, տեղեկացրել է, որ իր թիմը «երկար և բարդ» բանակցություններ է անցկացրել ռուս պաշտոնյաների հետ. - «Սթիվ Ուիթքոֆը մոտ երեք ժամ բանակցել է Պուտինի հետ, և կարծում եմ, որ նա ուզում է կանգնեցնել պատերազմը»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի հանձնարարությամբ Ռիյադ են մեկնել արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը:
«Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը նրանք հանդիպում կունենան իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ, որը կկենտրոնանա առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման վրա: Այն նվիրված կլինի նաև ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը», - ասել է Պեսկովը:
Bloomberg-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, թե Սպիտակ տունը մտադիր է Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև 2025-ի Զատկի տոնը, որն այս տարի Կաթոլիկ եկեղեցին նշելու է ապրիլի 20-ին։
Ամերիկյան կողմի այս ջանքերին զուգահեռ, Եվրամիության ղեկավարներն այսօր առանձին արտահերթ հանդիպում են նախաձեռնել Փարիզում՝ որոշելու իրենց հետագա քայլերը: Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ն ԵՄ երկրներին փաստաթուղթ է ուղարկել, որում հարցում է արվում, թե յուրաքանչյուր երկիր ինչպես կարող է նպաստել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցում:
ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ երեկ Telegraph-ում հրապարակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հոդվածը, որում նա նշում է, որ անհրաժեշտության դեպքում Բրիտանիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա:
«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ ․․․Դա նաև նշանակում է ցանկություն և պատրաստակամություն՝ անհրաժեշտության դեպքում նպաստելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը մեր իսկ զորքերի տեղակայմամբ», - վստահեցնում է Սթարմերը:
Բրիտանական The Guardian-ն, իր հերթին, նշում է, որ եվրոպացի առաջնորդների այսօրվա հանդիպմանը կքննարկվի մի տարբերակ, ըստ որի` հրադադարից հետո Ուկրաինան ինքնաբերաբար կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե Ռուսաստանն ակնհայտորեն խախտի հրադադարը: Ըստ թերթի՝ այս գաղափարն առաջ են քաշել որոշ ամերիկացի սենատորներ, և այժմ այն ստացել է եվրոպացի ղեկավարների աջակցությունը: