Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել հարվածել Ռուսաստանի խորքերին. Քելլոգ


Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ, արխիվ
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ, արխիվ

Միացյալ Նահանգներն Ուկրաինային թույլ է տվել հարվածել Ռուսաստանի խորքերին, Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է Ուկրաինայի հարցերով նախագահ Թրամփի հատուկ բանագնացը: Քիթ Քելլոգի խոսքով՝ այդ մասին են վկայում վարչակազմի առաջնորդների վերջին հայտարարությունները:

«Դատելով նախագահի, փոխնախագահ Վենսի, ինչպես նաև պետքարտուղար Ռուբիոյի ասածներից, կարծում եմ՝ պատասխանն է՝ այո, նրանք ասում են՝ օգտագործեք հնարավորությունները՝ խորքերին հարվածելու համար։ Ոչ մի նշանակետի հարվածելն արգելված չէ», - ասել է Քելլոգը:

ԱՄՆ նախագահը նախկինում մերժել է Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռներ վաճառելու խնդրանքները և հայտարարել է, որ Կիևը ստիպված կլինի տարածքներ զիջել հակամարտության կարգավորման համար: Դոնալդ Թրամփը, սակայն, վերջերս հայտարարում է, թե հիասթափված է Պուտինից, անցած շաբաթ էլ հայտարարեց՝ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ Ուկրաինան կարող է ետ վերցնել Ռուսաստանի գրաված բոլոր տարածքները:

ԱՄՆ փոխնախագահը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Tomahawk թևավոր հրթիռներ վաճառել Կիևին։ Ջեյ Դի Վենսը հայտնել է՝ Զելենսկու խնդրանքը հիմա քննարկում են, սակայն նախագահը դեռ որոշում չունի 2500 կմ հեռահարություն ունեցող այս հրթիռների մատակարարման հարցում, որոնք Ուկրաինայի զինանոցում հայտնվելու դեպքում Կիևին հնարավորություն կտան հարվածել Ռուսաստանի խորքերին, այդ թվում՝ Մոսկվային:

Ամերիկացի պաշտոնյան նաև դժգոհել է, որ Մոսկվան հրաժարվում է Ուկրաինայի հետ բանակցել, ապա պնդել, որ ռուսական զինուժը մեծ կորուստներ է կրում Ուկրաինայում, իսկ տարածքային ձեռքբերումներն աննշան են: «Ռուսաստանը պետք է առերեսվի այս իրողությանը», - ընդգծել է Ջեյ Դի Վենսը:

«Ռուսները պետք է սթափվեն և ընդունեն իրականությունը: Շատ մարդիկ են սպանվում ... Ինչքա՞ն մարդ են նրանք պատրաստ կորցնել ռազմադաշտում փոքր առավելության հասնելու համար ... Հուսամ՝ ոչ այդքան շատ», - ասել է ԱՄն փոխնախագահը:

Կրեմլի խոսնակը, մինչդեռ, ակնարկել է, թե իբր Կիևն է ձգում բանակցությունները: «Մենք Ուկրաինայից որևէ ազդակ չենք ստացել բանակցությունների վերսկսման վերաբերյալ», - ասել է Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ նույնիսկ եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի Tomahawk հրթիռներ, դրանք չեն փոխի իրավիճակը մարտադաշտում:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ սպառնացել է, որ Ռուսաստանը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել, եթե Եվրոպան պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ:

Այս ֆոնին ռուսական զինուժը երեկ անօդաչուներով և հրթիռներով հարվածել է Կիևին, կա առնվազն չորս զոհ, մեկ տասնյակից ավելի վիրավոր: Ուկրաինայի այլ շրջաններ ևս ենթարկվել են հարձակումների, որոնք շարունակվել են նաև այսօր:

Կիևի քաղաքապետը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ դադարեցնել պատերազմը: Ավելին, մայրաքաղաքի վրա վերջին հարձակումը, ըստ Վիտալի Կլիչկոյի, վկայում է, որ Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայում:

«Սա Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի, Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ իրականացվող ցեղասպանության ևս մեկ օրինակ է. այն սպանում է խաղաղ բնակիչների, ոչնչացնում մեր հայրենի քաղաքի խաղաղ թաղամասերը», - ասել է Կլիչկոն:

Նախագահ Զելենսկին, ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում, Լեհաստանին և եվրոպական մյուս դաշնակիցներին առաջարկել է համատեղ օդային վահան ստեղծել ռուսական սպառնալիքի դեմ. - «Ուկրաինան կարող է հակազդել ռուսական բոլոր տեսակի անօդաչուներին և հրթիռներին, և եթե միասին գործենք, կունենանք բավարար զենք և արտադրական հզորություններ դրա համար։ Եթե Ռուսաստանը կորցնի երկնքում հարվածելու ունակությունը, չի կարող շարունակել պատերազմը»։

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Բրյանսկին, Բելգորոդին, որտեղ կա երկու զոհ: Մերձմոսկվայում երկու մարդ սպանվել է խոցված անօդաչուի բեկորներից: Կասեցվել է Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանի աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG