Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն լրացուցիչ 5000 զինվոր կուղարկի Լեհաստան․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 5000 զինվորական կուղարկի Լեհաստան՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Պենտագոնը չեղարկեց այդ երկիր 4000 զինվորական տեղակայելու ծրագիրը։

ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ որոշումը հիմնված է ԱՄՆ-ի և Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հարաբերությունների վրա, որին նա աջակցել է անցյալ տարի տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ։

ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե արդյոք լրացուցիչ զորք ուղարկելը նախկինում նախատեսված տեղակայման մա՞ս է կազմում, թե՞ այլ գործողության։

«Հաշվի առնելով Լեհաստանի գործող նախագահ Կարոլ Նավրոցկիի հաջող ընտրությունը, որի թեկնածությունը ես հպարտությամբ սատարեցի, և նրա հետ մեր հարաբերությունները, ուրախ եմ հայտարարել Լեհաստան լրացուցիչ 5000 զինծառայող տեղակայելու մասին»,- գրել է Թրամփը։

Վերջին շաբաթներին Սպիտակ տունն ազդակներ է հղել, որ մտադիր է կրճատել Եվրոպայում իր զորքերի ընդհանուր թիվը՝ «Ամերիկան առաջինը» օրակարգի շրջանակում։

Իրանի հետ պատերազմի շուրջ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև ծագած տարաձայնություններից հետո այս ամսվա սկզբին ԱՄՆ-ն հայտարարեց, որ Գերմանիայից 5000 զինվորական է դուրս բերում։

Թրամփը նախկինում քննադատել էր Մերցին այն հայտարարության համար, որ իրանցի բանակցողները «նվաստացրել» են ԱՄՆ-ին։

Հստակ չէ՝ Լեհաստանի համար լրացուցիչ զորքերը Գերմանիայից դուրս բերվողների մաս են կազմում, թե՞ սա առանձին խումբ է։

XS
SM
MD
LG