Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հայտարարում է՝ Իրանի հետ կա՛մ հրաշալի համաձայնագիր կկնքվի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինի

Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը, սակայն, զգուշացրել է՝ հնարավոր գործարքը պետք է լավը լինի բոլորի համար, այլապես ԱՄՆ-ն կվերսկսի ռազմական գործողությունները:

«Կա՛մ կլինի միայն հիանալի գործարք բոլորի համար, կա՛մ ընդհանրապես գործարք չի կնքվի և կվերադառնանք ռազմաճակատ և կրակոցներին, բայց ավելի լայն մասշտաբով ու հզորությամբ, քան երբևէ։ Եվ ոչ ոք դա չի ուզում», - նշել է Թրամփը։

Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարն էր հայտարարել՝ ԱՄՆ-ն կա՛մ լավ գործարք կկնքի Իրանի հետ, կա՛մ հարցը կկարգավորի «այլ» ճանապարհով: Մարկո Ռուբիոն, սակայն, շեշտել էր՝ Վաշինգտոնն ամեն ինչ կանի խնդիրը դիվանագիտությամբ լուծելու համար։ Նա նաև ասել էր, որ սեղանին դրված է բավականին հստակ և հիմնավոր առաջարկ, որով Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, և կոնկրետ ժամկետում բանակցի միջուկային հարցի շուրջ:

«Բոլորս պետք է շատ վստահ լինենք, որ… կա՛մ կունենանք լավ համաձայնագիր, կա՛մ ստիպված կլինենք այլ կերպ վարվել։ Մենք կնախընտրեինք լավ համաձայնագիր ունենալ», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Բաղայի. Թեհրանը բանակցում է պատերազմն ավարտելու շուրջ, միջուկային ծրագրի հարցը չի քննարկվում

Իրանը հաստատել էր, որ Վաշինգտոնի հետ փոխըմբռնման հուշագրի որոշ հարցերի շուրջ սկզբունքորեն համաձայնել են ԱՄՆ-ի հետ: Սակայն, ըստ Արտգործնախարարության խոսնակի, դա դեռ չի նշանակում, որ Թեհրանը մոտ է փաստաթղթի ստորագրմանը:

Էսմայիլ Բաղային նշել էր, որ բանակցում են պատերազմն ավարտելու շուրջ, միջուկային ծրագրի հարցը, սակայն, չի քննարկվում. դա և մյուս թեմաներ կանդրադառնան հրադադարին հաջորդող 60-օրյա ժամանակահատվածում, եթե հուշագիրը վերջնականապես համաձայնեցվի։

Բաղային շեշտել էր, որ հուշագրում որևէ մանրամասն չկա Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ, որը, ըստ նրա, Իրանի և Օմանի որոշելիքն է, քանզի նեղուցն այս երկրների տարածքային ջրերում է:

«Եվ այս փուլում մենք չենք քննարկում միջուկային հարցի մանրամասները... Իսկ թե ինչպես կկարգավորվի Հորմուզի նեղուցը, դա հարց է, որը լիովին կախված է նեղուցի ափամերձ պետություններից», - նշել է Բաղային։

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականն իր հերթին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարումը Թեհրանի «օրինական իրավունքն» է և նպատակ ունի ապահովել երկրի անվտանգությունը։ Մոհսեն Ռեզային զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն հարձակվի Հորմուզի նեղուցի վրա և մտնի Պարսից ծոց, ապա ցավոտ պատասխան կստանա:

«Հորմուզի նեղուցի կառավարումը մեր օրինական իրավունքն է… Ինչո՞ւ պետք է Իրանը լինի Հորմուզի նեղուցի կառավարիչը։ Որովհետև մենք չենք ուզում ռազմական ներխուժում Պարսից ծոց։ Մենք կանգնեցրել ենք այդ ներխուժումը», - ընդգծել է նա:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ քննարկվող գործարքը վերջնական կարգավորում չէ. այն առաջարկում է 60-օրով երկարաձգել հրադադարը, վերաբացել Հորմուզի նեղուցը, իսկ միջուկային հարցը թողնվում է ապագային:

New York Times-ը, բարձրաստիճան աղբյուրին հղումով, գրում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը նախնական համաձայնության են եկել պատերազմն ավարտելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ: Ըստ թերթի, սակայն, ամենազգայուն հարցերը դեռ լուծված չեն: Սպիտակ տնից էլ ասել են, որ համաձայնագրի 95 տոկոսըբանակցված է:

Իրանի խորհրդարանի խոսնակն ու արտգործնախարարը մեկնել են Դոհա. Reuters

Ու մինչ Թրամփը մի կողմից հայտնում է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, իսկ մյուս կողմից սպառնում է նոր պատերազմով, Reuters-ը, իր աղբյուրին հղումով հայտնում է, որ Իրանի գլխավոր բանակցողը՝ խորհրդարանի խոսնակն ու արտգործնախարարը մեկնել են Դոհա: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ պատվիրակության կազմում է նաև Կենտրոնական բանկի նախագահը:

Իրանցի պաշտոնյաները, ըստ գործակալության, Կատարի վարչապետի հետ կքննարկեն ԱՄՆ-ի հետ պատերազմը վերջ դնելու հնարավոր համաձայնագրին առնչվող հարցեր: Սակայն ուշադրության կենտրոնում կլինեն Հորմուզի նեղուցի և Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների հարցերը: Ակնկալվում է, որ կքննարկվի նաև Իրանի սառեցված ակտիվների հնարավոր ապասառեցման հարցը:

Ու մինչ պարզ չէ, թե երբ և արդյոք Վաշինգտոնին ու Թեհրանին կհաջողվի համաձայնեցնել մյուս հարցերը, Իսրայելը շարունակել է հարվածներն Լիբանանի հարավին, կան զոհեր: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն ևս պատասխանել է, ինչի հետևանքով իսրայելցի մեկ զինվոր է սպանվել:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG