Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ կտրամադրի Ուկրաինային՝ Ռուսաստանի խորքերին հարվածելու համար. WSJ


USA-TRUMP/MILITARY
USA-TRUMP/MILITARY

Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ կտրամադրի Ուկրաինային՝ մեծ հեռահարության հրթիռներով Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար:

Wall Street Journal-ն, իր աղբյուրներին հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նախագահ Թրամփը հետախուզական գործակալություններին և Պենտագոնին լիազորել է օգնել Կիևին այս հարցում, նույնը խնդրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին:

«Հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինային թույլ կտա ավելի արդյունավետ թիրախավորել նավթավերամշակման գործարանները ... և այլ ենթակառուցվածքներ, որպեսզի Կրեմլին զրկի պատերազմը շարունակելու անհրաժեշտ եկամտից և նավթից», - գրում է թերթը:

Թերթի աղբյուրներից մեկն էլ ասել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Tomahawk և Barracuda, ինչպես նաև մոտ 800 կմ հեռահարության այլ հրթիռներ Կիևին տրամադրելու հարցը, որոնցով ուկրաիանական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին: Ըստ աղբյուրի, սակայն, վերջնական որոշում դեռ չկա:

Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ Թրամփի հետ նախորդ հանդիպմանը խոսել են նաև հրթիռների թեմայով: Վլադիմիր Զելենսկին շեշտել է՝ ամեն ինչ կախված է Սպիտակ տան ղեկավարից. «Անցած անգամ հանդիպումը շատ լավ անցավ, շատ կառուցողական երկխոսություն ծավալվեց: Խոսեցինք հեռահար հրթիռների մասին: Տեսնենք, թե ինչ կլինի», - նշել է Ուկրաինայի առաջնորդը:

Կրեմլի արձագանքը

Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ պնդելով, թե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինային պարբերաբար են տրամադրում հետախուզական տվյալներ: «Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ողջ ենթակառուցվածքն օգտագործվում է հետախուզական տվյալներ հավաքելու և ուկրաինացիներին փոխանցելու համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Մեծ յոթնակի երկրները մոտ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու շուրջ համաձայնությանը. Bloomberg

Իսկ եվրոպական երկրները իրենց օդային տարածքի բազմաթիվ խախտումներից հետո քննարկում են Ուկրաինային աջակցելու և սեփական պաշտպանությունն ուժեղացնելու հարցերը:

Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Դանիայի վարչապետը հայտարարել է՝ Ռուսաստանը սպառնալիք է ողջ Եվրոպայի համար և պատերազմը չի դադարեցնի, եթե չսիպտեն: Ըստ Մետտե Ֆրեդերիքսենի՝ Եվրոպան պետք է պատժամիջոցներով թուլացնի Ռուսաստանին և միաժամանակ ուժեղացնի Ուկրաինային՝ հնարավորինս արագ զինելով. «Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև բոլորիս համար։ Այսօր մեր առաջ մի կարևոր խնդիր կա՝ պետք է Եվրոպան այնքան ուժեղ դարձնենք, որ մեր դեմ պատերազմը անհավանական լինի։ Եվ դա պետք է անենք հիմա», - հայտարարել է Դանիայի վարչապետը:

Ռուսաստանի կողմից եվրոպական երկրների օդային տարածքի խախտումներն ու կիբեռհարձակումները ցույց տվեցին, որ Պուտինի ախորժակը Ուկրաինայով չի սահմանափակվում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ըստ Քիր Սթարմերի՝ Եվրոպան պետք է դրա դեմ պայքարի իր ողջ կարողություններով. «Մենք պետք է շարունակենք Պուտինի վրա ճնշումը։ Տնտեսական ճնշումն ազդում է, և պետք է շարունակենք ճնշումը՝ էներգետիկ ոլորտը և ստվերային նավատորմը թիրախավորող հետագա պատժամիջոցների միջոցով», - ասել է Սթարմերը:

Ֆրանսիայի նախագահն էլ ասել է, որ պատերազմի վրա ծախսվող գումարի 30-40%-ը Ռուսաստանը ստանում է հենց ստվերային նավատորմից՝ տարեկան ավելի քան 30 միլիարդ եվրո։ Ըստ Էմանյուել Մակրոնի՝ Ռուսաստանի վրա ճնշումը հնարավոր է էլ ավելի մեծացնել համակարգելով բոլոր ջանքերը, Մակրոնը շեշտել է. «Հետևաբար, չափազանց կարևոր է մեծացնել ճնշումը ստվերային նավատորմի վրա, քանի որ դա ակնհայտորեն կնվազեցնի պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունը»:

Երեկ էլ ԵՄ առաջնորդները Կոպենհագենում հավանություն էին տվել Եվրոպայի անվտանգությունն ամրապնդող առաջնահերթ նախագծերին, որոնք նախաձեռնել են վերջին շրջանում եվրոպական օդային տարածքի խախտումներից հետո:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ երկրների ղեկավարների հանդիպումից հետո ողջունել է «Անօդաչուների դեմ եվրոպական պատ» և «Արևելյան թևի հսկողություն» նախագածերը և ընդգծել, որ սրանով մեկ քայլ առաջ են գնում եվրոպական տարածքի անվտանության ապահովման գործում. «ԵՄ առաջնորդները լայնորեն աջակցեցին Եվրոպայի անվտանգությունը ամրապնդող նախնական առաջնահերթ նախագծերին… Սա կարևոր քայլ է մինչև 2030 թվականը պաշտպանական ընդհանուր պատրաստվածության հասնելու մեր ճանապարհին», - հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ «Արևելյան թևի հսկողություն» նախագիծը, ըստ էության, անօդաչուների դեմ պայքարի համակարգ է, որը կարող է արագ հայտնաբերել և անհրաժեշտության դեպքում չեզոքացնել դրանք։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է. «Այստեղ մենք, իհարկե, մեծապես հույսը դնում ենք Ուկրաինայի փորձի վրա, ուստի պետք է արագ առաջ շարժվենք Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ միասին»:

Bloomberg-ը հաղորդում է, որ Մեծ յոթնակի երկրները մոտ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն խստացնելու շուրջ համաձայնությանը: Նոր պատժամիջոցները կթիրախավորեն Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտները՝ էներգետիկա, ֆինանսներ և ռազմական արդյունաբերություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG