Միացյալ Նահանգները հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան խոցել է մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք Հորմուզի նեղուցում թիրախավորել էին առևտրային նավերը։
Այս միջադեպը տեղի ունեցավ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ հայտարարել էին, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X-ում հայտնել է, որ Իրանը «արձակել է մի քանի միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր՝ փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին»:
«ԱՄՆ ուժերը վերջին ժամերի ընթացքում դրանք բոլորը ոչնչացրել են»,- ասվում է հաղորդագրությունում:
Իրանից այս հաղորդագրության վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չկա:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հայտարարել է8, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո այն կստորագրվի «հեռավար կարգով», և դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։ Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների հետ սկսված պատերազմին վերջ դնելու նպատակով շրջանակային համաձայնագիրը «երբևէ այսքան մոտ չի եղել իրականացմանը»։
Հինգշաբթի օրն էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չեղարկել է Իրանին հարվածներ հասցնելու ծրագրերը և պնդել էր, որ շուտով կարող է ստորագրվել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր։