ԱՄՆ-ն և Իրանը «շատ լավ գործարքի» հասնելու վերջին փուլում են, հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Պակիստանի միջոցով բանակցությունները չեն դադարել: Ըստ ԱՄՆ նախագահի՝ այդ գործարքով Իրանին թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել, իսկ Հորմուզի նեղուցը կբացվի անմիջապես։
«Մենք շատ-շատ լավ գործարքի վերջին փուլերում ենք, որն Իրանին ոչ մի կերպ թույլ չի տա միջուկային զենք ստեղծել: Իսկ Հորմուզի նեղուցը կբացվի… համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ երկու կամ երեք օրից», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ասել է, թե չեն ցանկանում կրկին ռմբակոծել Իրանը, քանզի ծովային շրջափակումը ավելի արդյունավետ գործիք է Թեհրանի վրա ճնշում բանեցնելու համար, որպեսզի գործարքի գնա։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ «շատ լավ զրույց» է ունեցել Իսրայելի վարչապետի հետ, ում զգուշացրել է՝ զգույշ լինել Իրանի հարցում, այլապես կարող է «շուտով միայնակ մնալ» Իրանի դեմ պայքարում։ Թրամփը նաև վստահեցրել է՝ Իսրայելն ու Իրանը համաձայնել են առնվազն մեկ շաբաթ չկրակել միմյանց վրա։
ԱՄՆ փոխնախագահն էլ Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն լավ դիրքերում է Իրանի հարցում Թրամփի դրած նպատակներին հասնելու համար։ Ջեյ Դի Վենսը վստահեցրել է՝ Իրանը չի ցանկանում, որ պատերազմը շարունակվի։
«Դա նրանց շահերից չի բխում, և կարծում եմ՝ նրանք բանակցությունների կգան իրական առաջարկներով։ Մենք, իհարկե, կստուգենք դրանք։ Եթե հասնենք գործարքի, դա մեծ հաղթանակ կլինի ամերիկյան ժողովրդի համար», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ շարունակում են տեսակետներ փոխանակել բանակցությունների միջոցով պատերազմն ավարտելու վերաբերյալ։ Ամիր Սաիդ Իրավանին Associated Press-ին ասել է, որ Թեհրանը դեռ վերջնական փաստաթուղթ չի ստացել Վաշինգտոնից, սակայն ձգտում է ստանալ այն։ Նա նաև հույս է հայտնել, որ համաձայնության կհասնեն մինչև հունիսի վերջ։
Չնայած Թրամփի պնդմանը, թե Իրանի ծովային շրջափակումը լավ միջոց է Թեհրանին ճնշելու համար, Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է, որ շրջափակումը ռազմական հանցագործություն է։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպառնացել է՝ Իրանը «թշնամու դավադրությունը կվերածի նրանց համար ևս մեկ պարտության»։ Նա նաև ԱՄՆ-ին է մեղադրել լարվածության համար և կասկածի տակ դրել Վաշինգտոնի անկեղծությունը բանակցություններում։
«Փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի արած մեկնաբանությունները հակասում էին համաձայնեցված հատվածներին։ Դա ցույց տվեց, որ նրանք ոչ հրադադարի, ոչ էլ երկխոսության են ձգտում… Մենք նաև վստահություն չունենք մյուս կողմի նկատմամբ», - հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
Չնայած Իրանի զգուշացումներին՝ Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ Նաբաթիե, Տյուրոս և այլ քաղաքներում և տարհանման հրամաններ տվել։ Իսրայելական հարվածներից մեկ տասնյակից ավելի մարդ է սպանվել։ Շարքիե քաղաքում քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներ են վիրավորվել, այդ թվում՝ փրկարար: Միայն Տյուրոսում 9 զոհ կա, մոտ երեք տասնյակ վիրավոր: Իսրայելի բանակը մի քանի քաղաքի տարհանման հրաման է տվել:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել՝ թվով 16-ը վերջին մեկ օրում։ Շարժումը Լիբանանի իշխանություններին կոչ է արել «բարելավել» հարաբերություններն Իրանի հետ, նաև գովաբանել Իրանին՝ «լիբանանցի ժողովրդի պաշտպանության» նպատակով երեկ Իսրայելին հասցրած հրթիռային հարձակման համար: Շարժման տարածած հայտարարությունում նշվում է, որ Իրանի պատասխան հարվածներն ընդգծեցին, որ տարածաշրջանի երկրների շահերից է բխում, որ բոլոր կողմերը, առաջին հերթին Իսրայելը, պահեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
Տարհանման մասին Իսրայելի բանակի հրամանից հետո Լիբանանի մի շարք բնակավայրերի բնակիչներ սկսել են լքել տները: ՄԱԿ-ի փոխխոսնակ Ֆարհան Հաքը կասկածի տակ է դրել տարհանման հրամանների օրինականությունը՝ նշելով, որ դրանք մարդկային կյանքեր են խլում:
«Այս հրամանների մասշտաբը և անորոշությունը գրեթե անհնար են դարձնում դրանց անվտանգ կատարումը, ինչը կասկածի տակ է դնում դրանց արդյունավետությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի պահանջ է», - ասել է Ֆարհան Հաքը։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Լիբանանն ապագա չի ունենա, եթե շարունակի կապված լինել Իրանի հետ: Fox News-ին տված հարցազրույցում Յեխիել Լեյթերը պնդել է՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները «ոչ մի կապ չունեն Լիբանանի հետ», թեև Իրանը փորձում է այս երկու հարցերը կապել միմյանց: «Երբ մենք հարվածում ենք «Հեզբոլա»-ին, դա որևէ կապ չունի Իրանի հետ», - հավելել է դեսպանը: