ԱՄՆ փոխնախագահն ուղևորվել է Պակիստան, որտեղ վաղը Իրանի ներկայացուցիչների հետ կբանակցի պատերազմը դադարեցնելու շուրջ: Մեկնելուց առաջ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է հանդիպմանը և վստահություն հայտնել, որ բանակցությունները դրական կլինեն։
«Եթե իրանցիները պատրաստ են անկեղծորեն բանակցել, մենք, անշուշտ, պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել... Այնպես որ, մենք փորձելու ենք դրական բանակցություններ վարել», - նշել է Ջեյ Դի Վենսը:
Սակայն Վաշինգտոնը չի հանդուրժի, եթե Թեհրանը փորձի մանիպուլացնել իրենց, զգուշացրել է Վենսը, ում հետ բանակցություններին կմասնակցեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները: Իսկ Իրանից կմասնակցեն արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, վերջինս հայտարարել է, որ բանակցություններից առաջ հայտարարել է՝ Լիբանանում պետք է հրադադար հաստատվի և Իրանի արգելափակված ակտիվներն ապաարգելափակվեն։
Իրանի փոխարտգործնախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում այնպիսի հրադադար, որը «թշնամիներին թույլ կտա կրկին հարձակվել»: Մաջիդ Թախտ Ռավանչին պնդել է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ բանակցությունների հիմքը կկազմի Իրանի 10 կետանոց ծրագիրը, որն օրեր առաջ է փոխանցվել ԱՄՆ-ին։
Իրանը «շատ վատ աշխատանք» է անում Հորմուզի նեղուցով նավթի անցումն ապահովելու հարցում. Թրամփ
Ու մինչ աշխարհն ուշի-ուշով սպասում է, թե ինչ կբանակցեն կողմերը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը «շատ վատ աշխատանք» է անում Հորմուզի նեղուցով նավթի անարգել անցումն ապահովելու հարցում: Դոնալդ Թրամփը սոցցանցում դժգոհել է, թե դա նույնիսկ անպատվաբեր է և այն չէ, ինչի շուրջ համաձայնել են:
«Կան լուրեր, որ Իրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող տանկերներից։ Ավելի լավ է չանեն նման բան, իսկ եթե անում են, ապա ավելի լավ է հիմա դադարեցնեն», - նշել է ԱՄՆ նախագահը:
Պատերազմի ողջ ընթացքում Թրամփը պահանջել է բացել Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Թեհրանն էլ հայտարարում է, որ նեղուցն ամբողջությամբ կբացվի, երբ Իսրայելը դադարեցնի հարվածները Լիբանանին: Իսկ մինչ այդ միայն սահմանափակ թվով նավեր են անցնում, այն էլ՝ Իրանի հետ համակարգմամբ:
Իրանական ժողովուրդը «վճռական հաղթանակ» է տարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում. Մոջթաբա Խամենեի
Իրանի նոր գերագույն առաջնորդը, որը պատերազմի առաջին իսկ օրը վիրավորվելուց և այս պաշտոնում ընտրվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, երեկ հերթական տեքստային ուղերձն է հղել՝ հայտարարելով, որ իրանական ժողովուրդը «վճռական հաղթանակ» է տարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում:
Պետական հեռուստաընկերությունով ընթերցված ուղերձում Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլի կանցնի: Սակայն չի մանրամասնել, թե ինչ է դա ենթադրում:
Խամենեին Իրանի հարավային հարևաններին հորդորել է չհավատալ «սատանայի խոստումներին ու ստերին», որը բաց չի թողնի նրանց նվաստացնելու և շահագործելու ոչ մի առիթ: Նաև շեշտել է՝ Իրանը պատերազմ չի ուզում, սակայն կպաշտպանի իր իրավունքները. «Մենք չենք ձգտել և չենք ձգտում պատերազմի, բայց ոչ մի կերպ չենք հրաժարվի մեր իրավունքներից: Եվ այս առումով դիմադրության բոլոր ճակատները դիտարկում ենք որպես ամբողջություն»։
Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանում «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին
Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են համաձայնության գալ Իսրայելը շարունակել է հարվածները Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում: Իսրայելական բանակը հարվածել է նաև շտապօգնության և հրշեջ մեքենաների՝ պատճառաբանելով, որ «Հեզբոլա»-ն դրանք օգտագործում է ռազմական նպատակներով: Կան զոհեր և վիրավորներ:
Բանակը հայտնել է, որ այս շաբաթ «Հեզբոլա»-ի ավելի քան 40 մարտիկի է սպանել, ոչնչացրել է 50 ենթակառուցվածք։ Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել:
Լիբանանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր ղեկավարը զգուշացրել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանը բախվում է մարդասիրական «ավերիչ» ճգնաժամի, այդ թվում՝ պարենային:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Լիբանանում հրադադար չկա և չի լինի, մինչև վստահ չլինեն, որ վերականգնել են իսրայելցիների անվտանգությունը: Բենյամին Նեթանյահուն նաև ասել է, թե հաշվի առնելով ուղիղ բանակցելու՝ Լիբանանի բազմաթիվ խնդրանքները, երեկ կառավարությանը հանձնարարել է հնարավորինս շուտ բանակցություններ սկսել:
«Երկու նպատակի հասնելու համար. առաջինը «Հեզբոլա»-ի զինաթափումն է, երկրորդը Իսրայելի և Լիբանանի միջև պատմական, կայուն խաղաղության համաձայնագիր կնքելը», - ասել է Նեթանյահուն։
France Press գործակալության տվյալներով՝ Իսրայել-Լիբանան բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ՝ Վաշինգտոնում: Օրը և ժամը, սակայն, դեռ հայտնի չէ: Լիբանանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ բանակցություններին կմասնակցեն, սակայն պայմանով, որ մինչ այդ հրադադար հաստատվի: