Միացյալ Նահանգները, Իրանը և միջնորդ Պակիստանն այսօր հայտարարել են, որ գրեթե երեք ամիս տևած պատերազմին վերջ դնելու բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հանդիպումից հետո, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարեց՝ Իրանը կենտրոնացած է Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակում փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա:
Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանից մեկնելուց առաջ Մունիրը հանդիպել է նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Պակիստանի բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա բանակցությունները «դրական» առաջընթաց են արձանագրել վերջնական համաձայնության հասնելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ով պաշտոնական այցով Հնդկաստանում է, նույնպես ասել է, որ Իրանի հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել, և որ ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին «ասելիք» ունենա այդ հարցի վերաբերյալ։
«Որոշակի առաջընթաց է գրանցվել, նույնիսկ այս պահին, երբ ես խոսում եմ ձեզ հետ, որոշակի աշխատանք է տարվում։ Կա հնարավորություն, որ այսօր ավելի ուշ, վաղը կամ մի քանի օրից, մենք կարող է ասելիք ունենանք», - Նյու Դելիում լրագրողներին ասել է Ռուբիոն։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հավելել է. «Դեռևս կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն միջնորդների միջոցով: Մենք պետք է սպասենք և տեսնենք, հաջորդող օրերի ընթացքում ինչով կավարտվի իրավիճակը»:
Խաղաղության գործարք կնքելու ամերիկյան գլխավոր պահանջներից մեկը հարստացված ուրանի դուրսբերումն է երկրից: Reuters-ը, հղում անելով իրանցի երկու բարձրաստիճան աղբյուրի, ավելի վաղ գրել էր, թե երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է՝ բարձր հարստացված ուրանը դուրս չբերել երկրից: Աղբյուրներից մեկն էլ նշել է, որ իշխանության ներսում ևս կոնսենսուս կա այս հարցում: Դեռ պարզ չէ, թե ինչպես սրան կարձագանքի Վաշինգտոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ զգուշացրել էր՝ ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե գործարք չկնքվի: