Մատչելիության հղումներ

Պուտինի բանակցություններն ԱՄՆ բանագնացների հետ ավարտվել են

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն այսօր Մոսկվա ժամանած ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ ավարտվել են: Այն տևել է գրեթե 3 ժամ, ԱՄՆ բանագնացները Կրեմլը լքել են մոտ 23:00-ին, հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:

Սպիտակ տան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «կողմերը քննարկել են հետագա քայլերի վերաբերյալ բովանդակային ծրագրեր, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին», և որ բանագնացներն «ակնկալում են նույնքան արդյունավետ հանդիպումներ» Ուկրաինայում՝ սեպտեմբերի 6-ին։

Յուրի Ուշակովը բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։ Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները ներկայացրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը և խոստացել են Պուտինի տեսակետները փոխանցել ուկրաինացի ղեկավարներին՝ Կիևում կայանալիք հանդիպումների ընթացքում։

«Նրանք ոչ միայն իրենց ավանդական հետաքրքրությունն են հայտնել ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու հարցում, այլև մի շարք գաղափարներ են առաջարկել՝ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ», - ասել է նա՝ մանրամասներ չհայտնելով:

Ուշակովը պնդել է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, և որ հակամարտության «արմատական պատճառները» պետք է լուծվեն։ Կրեմլի կողմից այս արտահայտությունը վերաբերում է, մասնավորապես, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերից հրաժարվելուն և ուկրաինական զինված ուժերը փաստացի զինաթափելուն ուղղված քայլերին, ինչպես նաև մի շարք այլ դժգոհություններին։ Կիևը վաղուց մերժել է նման պահանջները։

Պուտինը բանակցությունների մեկնարկին «բարդ» էր բնութագրել այն իրավիճակը, որը նա և ԱՄՆ բանագնացները պետք է քննարկեին բանակցությունների ընթացքում։

Բանակցությունների մեկնարկին Պուտինը ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներին ասել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները միշտ արդյունավետ են եղել, և որ Ռուսաստանի համար հարմար է նրանց հետ աշխատելը։

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պատվիրակության այցի ընթացքում հրադադար պահպանելու համար։

Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ միջնորդների անվտանգությունն ապահովելու համար։

ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հետո կմեկնեն Կիև:

ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը Մոսկվայի օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին
ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը Մոսկվայի օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին էր հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, որ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Ռուսաստան և Ուկրաինա՝ առաջարկելու համաձայնագիր, որը նպատակ ունի վերջ դնել Կրեմլի պատերազմին հարևան երկրի դեմ։

«Նրանք իրենց հետ տանում են պատերազմին վերջ տալու առաջարկ»,- նախօրեին Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ մանրամասներ չներկայացնելով։ «Մենք խաղաղության գաղափար ունենք»։

«Մենք նրանց ուղարկել ենք՝ տեսնելու՝ արդյոք կարող ենք ինչ-որ բան անել, և հնարավոր է, որ դա իրականացնելու լավ հնարավորություն լինի»։

Արևմուտքում աճող մտահոգությունների ֆոնին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ դաշինքի վճռականությունը ստուգելու նպատակով, Թրամփը կրկին հայտարարել է, որ չի կարծում, թե Կրեմլի առաջնորդը նման քայլ է ծրագրում։

«Ես խոսում եմ նրա հետ։ Ես նրան շատ լավ ճանաչում եմ։ Պուտինը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա», - ասել է նախագահ Թրամփը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր դատապարտել է Ռուսաստանի կողմից քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ Կիևի երկու օդանավակայաններին հասցված հարվածները։ Հարձակումները տեղի են ունեցել ԱՄՆ բանագնացների՝ մայրաքաղաք ժամանելուն ընդառաջ՝ ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմին վերջ տալու ծրագիրը քննարկելու համար։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելյան Դնեպրոպետրովսկի շրջանում գտնվող պողպատաձուլական գործարանին հասցված բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել, վնասվել են արտադրական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով գործարանի ամբողջ աշխատանքը դադարեցվել է։

Զելենսկին կոչ է անում դադարեցնել ավիահարվածները

Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը «կապահովեն Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել այնտեղ» և պահանջել է, որ Մոսկվան նույնպես նույն կերպ վարվի։

«Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի, և Ռուսաստանը նույնպես պետք է ձեռնպահ մնա օդային հարվածներ իրականացնելուց՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս բանակցություններն անցկացնելու համար»։

Այցը տեղի է ունենում ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածը խոցել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության շտաբը։ Դա Ուկրաինայի առանցքային կառույցներից է, որն էլ պատասխանատու է ԱՄՆ բանագնացների այցի ընթացքում նրանց անվտանգության ապահովման համար:

Պուտինը հրամայել է դադարեցնել Կիևի ուղղությամբ հարվածները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 3 օր չհարվածել Կիևի ուղղությամբ՝ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ, TASS-ի փոխանցմամբ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Զելենսկին հայտնել է, որ խոսել է ԱՄՆ բանագնացների հետ

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է այս պահից, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին, ձեռնպահ մնալ Մոսկվային հարվածներ հասցնելուց։

«Ես հենց նոր խոսեցի ԱՄՆ նախագահի բանագնացների հետ», -Telegram-ում գրել է Զելենսկին։ «Այս զրույցի պահից մենք պատրաստ ենք պահպանել հրադադար՝ բանակցային գործընթացում ներգրավված քաղաքների ուղղությամբ օդային հարվածների մասով»։

Փորձագետները «էսկալացիայի» վտանգ են տեսնում

Թրեսա Գուենովը՝ Պենտագոնի և Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ռուսաստանի կողմից «ցերեկային ժամերին Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության շտաբի վրա իրականացված հարվածը սրացող իրավիճակի և մայրաքաղաքի դեմ իրականացվող հարձակումների աճի մի մասն է»։

«Կարելի է ենթադրել, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, վաղուց արդեն պատրաստի ծրագրեր է ունեցել՝ ուղղված անվտանգության ծառայության շտաբի թիրախներին, սակայն այսօր շտաբին հարվածելը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է նոր սահմաններ հատել՝ անորոշ դիվանագիտական իրավիճակի պայմաններում»։

«Ուկրաինայի համար այս հարձակումը ևս մեկ օրինակ է, թե ինչու է նրան անհապաղ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգեր», -հավելել է Գուենովը, որն այժմ Ատլանտյան խորհրդի Scowcroft ռազմավարության և անվտանգության կենտրոնի ավագ փորձագետ է։

Դիվանագիտական նոր ջանքեր

ԱՄՆ բանագնացների այցից առաջ Մոսկվա էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆը: Այս այցը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ ԿՀՎ տնօրեն նշանակվելուց ի վեր նրա առաջին հրապարակայնորեն հայտնի այցն էր Ռուսաստան:

Օգոստոսի 25-ին ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ: Ամերիկյան հետախուզական վարչությունը հանդիպման ամբողջ օրակարգը չի հրապարակել, սակայն Կրեմլը հայտնել է, որ Ռատքլիֆը Պուտինի հետ չի հանդիպել։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆի Մոսկվա կատարած անակնկալ այցը նպատակ ուներ Ռուսաստանին զգուշացնել, որ հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի վրա հարձակվելու գաղափարից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել են այցի մանրամասներին ծանոթ աղբյուրները։

Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի (AEI) ավագ գիտաշխատող և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի պետքարտուղարի նախկին տեղակալի օգնական Քոնլին նշել է, որ «ինձ համար բացարձակապես պարզ չէ, թե ինչ են լինելու ԱՄՆ-ի քաղաքականության հաջորդ քայլերը այս հակամարտության հարցում»։

«Պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է ճնշում գործադրել, կամ ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», - ասել է նա՝ մատնանշելով ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագծի անորոշ ճակատագիրը և Ուկրաինայի համար Patriot հրթիռների արտադրության լիցենզավորման հնարավորության շուրջ առկա անորոշությունը։

«Այս պահին պարզապես հստակություն չկա այն հարցում, թե ԱՄՆ-ն ինչպես է պատրաստվում առաջ շարժվել», - հավելել է փորձագետը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG