Հայաստանի սահմանային կարողություններն ամրապնդելու Միացյալ Նահանգների աջակցությունը կնպաստի նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։
«Պետքարտուղարի նշված հարցը վերաբերում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ զգայուն ասպեկտներին։ Միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես մենք պետք է կարողանանք մեր սահմանն ինքներս վերահսկել», - հայտարարեց Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե այդ սահմանային կարողությունների ամրապնդման աջակցությունը ի՞նչ է նշանակում գործնականում։
Մեկ այլ հարցի, թե այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից հնարավո՞ր է առհասարակ ռուս սահմանապահները դուրս գան, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Իհարկե, իդեալական աշխարում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկի իր սահմանները»։
Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հունվարի 14-ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն ստորագրեցին։
ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ աշխատում են ՀՀ-ի հետ՝ ամրապնդելու ջանքերը ինքնիշխանության և սուվերեն տարածքի պաշտպանությանը՝ նշելով, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։
2024-ի հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կես ժամանոց հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս կգան Ագարակի անցակետից, և այնտեղ 2025-ի հունվարի 1-ից հսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի սահմանապահները։
2024-ի դեկտեմբերի 30-ին Փաշինյանն արդեն հայտարարեց, որ այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցակետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են ոչ թե ռուս սահմանապահները, այլ միայն Հայաստանի սահմանապահ զորքերը։
2024-ի օգոստոսի 1-ից էլ ռուս սահմանապահները դուրս էին եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: