Օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը միայն նախաստորագրել են Խաղաղության պայմանագիրը. «Փաստաթղթի վերջնական ստորագրության և հետագայում այն իրականացնելու համար հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը I24 News հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությանը տված հարցազրույցում։
«Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս կան դրույթներ, որոնք անընդունելի տարածքային պահանջներ են պարունակում և հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ամիրբեկովը, հավելելով՝ կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն։
Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հինգ ամիս անց՝ օգոստոստի 8-ին, Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում միայն նախաստորագրեցին համաձայնագիրը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ։