Երեք ծնողներ, որոնց երեխաները մահացել կամ հիվանդանոց էին տեղափոխվել արհեստական բանականության չաթբոթների հետ շփումից հետո, երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել կարգավորել արհեստական բանականության (AI) չաթ բոթները։ Քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ Սենատում նվիրված երեխաների համար տեխնոլոգիայի վտանգներին։
«Չաթ բոթերը պետք է ունենան բարոյականության որոշ չափանիշներ», – ասել է Մեթյու Ռեյնը, որը դատի է տվել OpenAI-ին իր որդու՝ Ադամի ինքնասպանությունից հետո։
Նրա խոսքով՝ ChatGPT-ն Կալիֆոռնիայում Ադամին ներկայացրել էր ինքնավնասման վերաբերյալ մանրամասն հրահանգներ։
OpenAI-ը հայտնել է, որ մտադիր է բարելավել ChatGPT-ի անվտանգության մեխանիզմները, որոնք երկարատև զրույցների ժամանակ կարող են պակաս արդյունավետ դառնալ։ Ընկերությունը նաև նշել է, որ նախատեսում է օգտատերերի տարիքային կանխատեսման համակարգ ներդնել՝ երեխաներին ուղղորդելով ավելի անվտանգ տարբերակի։
Քննարկմանը ելույթ է ունեցել նաև Մեգան Գարսիան, որը դատի է տվել Character.AI-ին՝ պնդելով, որ ընկերության չաթ բոթների հետ շփումները հանգեցրել են իր որդու՝ Սյուելի ինքնասպանությանը։ Նա Կոնգրեսին հորդորել է արգելել ընկերություններին իրենց արտադրանքը փորձարկել երեխաների վրա, արգելել ռոմանտիկ կամ զգայական զրույցները երեխաների հետ, ինչպես նաև սահմանել տարիքային ստուգում, անվտանգության թեստավորում և ճգնաժամային արձագանքման արձանագրություններ։