Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման առաջին պատճառը աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունն է։
«Ասադի իշխանության երկու հենասյուները՝ Ռուսաստանը և Իրանը, ըստ էության ներգրավված են այլ խնդիրների մեջ, Ռուսաստանը՝ կապված Ուկրաինայի հետ, Իրանը՝ կապված Իսրայելի հետ», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց նա։
Բացի այդ, թուրքագետը նշեց, որ բավականին խմորումներ ու վերադասավորումներ եղան նաև այսպես կոչված՝ «հակասադյան» ուժերի միջավայրում, և նրանք հիմա հանդես են գալիս որպես քաղաքական առումով ավելի հասուն ուժեր. - «Որոնք փորձում են Սիրիայի բնակչության բոլոր խավերին ներգրավել իրենց կողմը, այսինքն լինելով իրենց էությամբ ջիհադիստական մի զգալի մասը, ոչ բոլորը, իհարկե, ուժեր, նրանք կարողացան այդ այսպես ասած՝ վերափոխվել համապատասխան իրադրության և ժամանակի, բայց դա դեռ պետք է հասկանալ, որ դա մակերեսային է, թե խորքային է։ Ես կասկածում եմ, որ դա լինի խորքային»։
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։ Նրան և նրա ընտանիքին Ռուսաստանում ապաստան տրամադրելու որոշում է կայացվել, որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Մինչ այս պահը ինքը՝ Ասադը չի մեկնաբանել իր երկարամյա ռեժիմի տապալումը, նաև չի ներկայացել հանրությանը։
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց՝ վաղ են պնդումները, թե (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված) «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, որն առանցքային դեր ունի ընդդիմության վերջին հարձակման մեջ, և ընդդիմադիրներն ընդհանուր առմամբ քրիստոնյաներին չեն նեղացնի, հիմնավոր չեն։
«Ամեն ինչ նոր է սկսվում, և պետք է տեսնել, թե ինչ ընթացք կունենա, ինչքան կկարողանան այդ ուժերը, որոնք միատարր չեն, իրար մեջ էլ մեծ խնդիրներ ունեն, կկարողանան պահպանել այն կերպարանքը նոր, որով իրենք փորձում են հանդես գան, բայց կան արդեն լուրեր, որ Դամասկոսում սպանություններ են տեղի ունենում, հրկիզումներ և այլն, կողոպուտներ, այսինքն՝ դեռևս պարզ չէ, թե կկարողանան այդ ուժերը կարգուկանոն հաստատել, երկրորդը՝ կկարողանան նրանք հանդես գալ իսկապես նոր կերպարանքով։ <>
Դեռ շատ փորձություններ են սպասում այդ երկրին և նրա ժողովրդին»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.