Մատչելիության հղումներ

Ընդդիմության կարծիքով՝ Երևանը չի պատասխանում Ալիևին, քանի որ վախենում է. իշխանությունից արձագանքում են


ՀՀ ԱԳՆ շենքը, Երևան
ՀՀ ԱԳՆ շենքը, Երևան

Երկու շաբաթ անց պաշտոնական Երևանը չի արձագանքել Ադրբեջանի նախագահի հերթական պահանջին, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի ադրբեջանցիներից»։ 1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանը տասնյակ տարիներ ջանում է ներկայացնել իբրև հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանություն», հայկական կողմը անցած տարիներին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը՝ նախքան 44-օրյա պատերազմը, հերքել է այդ պնդումը։

ԱԳՆ-ն, օրինակ, հաջորդ իսկ օրը պատասխանեց Ալիևի մեկ այլ՝ Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջին, սակայն լուռ է այս հարցում։

Ալիևն այդ հայտարարությունը հնչեցրեց մայիսի 28-ին՝ Խոջալուում, որն 2000-ին Իվանյան էր վերանվանվել, վերաբնակեցված ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ։

Ասկերանի շրջանի այս բնակավայրն Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ու Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունից հետո։

«Ազատությունն» արձագանքի համար դիմել է ԱԳՆ-ն, 5-րդ օրն է՝ պատասխան չի ստացել։

Իշխանական տարբեր ներկայացուցիչներ, այնուհանդերձ, անդրադարձել են հարցին։

Խորհրդարանում իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ազատության» եթերում թեման անգամ քննարկման ենթակա չէր համարել։ Ալիևի հայտարարություններին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր արձագանքել։

«Լավ կլիներ՝ Ադրբեջանի նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է սկսել խոսել, եթե մենք գնում ենք խաղաղության, մի երկրի համար, որ ուզում է COP ընդունել, պետք է բաց թողնի ռազմագերիներին, բաց թողնի իր քաղբանտարկյալներին», - ասել էր նա։

ԱԺ-ի փոխխոսնակը այսօր չէր հասկանում՝ ինչո՞ւ ԱԳՆ-ը պետք է արձագանքի Ալիևի հայտարարություններին. - «Բայց ինչո՞ւ պիտի արձագանք լինի բանին, որը կեղծ թեմա է»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը կարծում է՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պարտավոր է ադրբեջանական ցանկացած սպառնալիքին տալ արժանի պատասխան. իսկ ինչո՞ւ չի արձագանքում պաշտոնական Երևանը, որովհետև, ըստ դաշնակցական պատգամավորի, վախենում է։

«Եթե իրենք այսօր վախենում են Ադրբեջանի սպառնալիքին արձագանքել, վաղը կրկնակի կվախենան Ադրբեջանի պահանջներին բացասական պատասխան տալ, իսկ Ադրբեջանը պատահական դա չի ասել, ինչ-որ մարդկանց է մատնանշել, ասել է, որ սրանք են մեղավոր, վաղը կարող է ասել, որ Կիրանցում ովքեր ծառայություն են իրականացրել, նրանք են ադրբեջանական … օկուպանտ եղել։ Իսկ այս իշխանությունները վախենում են, որովհետև իրենց գոյությունը պայմանավորված է Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքով», - ասաց նա։

Ռուբեն Ռուբինյանը համաձայն չէ գնահատականներին, որ Երևանը լռում է՝ իրավիճակը չսրելու համար։

«Այսինքն՝ դուք համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի ղեկավարությունը պիտի որոշի, թե մեր ներքաղաքական քննարկումներն ինչպիսին պիտի լինեն, եթե մենք ուզում ենք մեր բոլորով մեր հանրային դիմադրողականությունը ուժեղացնենք, նշանակում է՝ մենք չպիտի տրվենք դրսից ներմուծվող օրակարգերին», - նշեց նա։

Արթուր Խաչատրյանը Հայաստանի արձագանքի բացակայությունից նաև հունիսի 4-ին՝ ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ժամանակ խոսեց՝ ԱԳ նախարարին հարց ուղղելիս, բայց Արարատ Միրզոյանը իր պատասխանում չանդրադարձավ թեմային, փոխարենը նրա կուսակից Ծովինար Վարդանյանը հայտարարեց. - «Ալիևն ընդհանրապես կարիք չկա «հիբրիդային» պատերազմ վարելու համար որևէ այլ ճիգ գործադրել, որովհետև Խոջալուի մասին խոսում են Ալիևը, Դաշնակցությունը, մեկ էլ ՀԱԿ-ը»։

Իսկ ի՞նչ էր հայտարարել ՀԱԿ-ը, որի առաջնորդը 32 տարի առաջ՝ Խոջալուի իրադարձությունների ժամանակ Հայաստանի նախագահն էր։ Պնդել էին, որ հայկական կողմի պատասխանատվությունը հերքող բազում արժանահավատ ապացույցներ կան, դրանցից ամենակարևորը՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունն էր դեպքերից անմիջապես հետո, որտեղ նա Ադրբեջանի Ազգային ճակատին էր մեղադրել Խոջալուի ողբերգությունը կազմակերպելու համար։ Նպատակն, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, իրեն իշխանությունից հեռացնելն էր։ Առաջին նախագահի ղեկավարած ուժի գնահատմամբ՝ Ալիևը նոր նվաստացուցիչ նախապայման է դրել խաղաղություն կնքելու ճանապարհին, իսկ իշխանության լռությունը վկայում է, որ երկիրը ղեկավարում են պետական շահը չներակայացնող անձինք։ Հայաստանի վարչապետը մինչդեռ վերջերս բանակցային մթնոլորտում դրական փոփոխություն էր տեսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG