Մատչելիության հղումներ

Ալիևը վերստին պնդում է՝ խաղաղության պայմանագրի պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահն այսօր վերստին պնդել է՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրանում, ըստ Իլհամ Ալիևի, տարածքային պահանջներ կան իր երկրի նկատմամբ:

«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Դա հասկանալի է», - APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս:

Սահմանադրության փոփոխության՝ Բաքվից հնչող պահանջներին Երևանից բազմիցս հակադարձել են, որ դրանք Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ են:

Ալիևը վստահեցրել է, թե այդ պայմանը կատարելու դեպքում խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Հնարավոր տարբերակներից մեկը նա համարել է հիմնական սկզբունքների նախաստորագրումը:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ «ներկայումս տեսնում ենք լավագույն արդյունքները երկկողմ մակարդակով»: «Ոչ ոք չի միջամտում այս գործընթացին», - հավելել է Ալիևը:

«Մենք կարող ենք համաձայնության գալ սահմանների սահմանազատման և նույնիսկ, ինչը հազվադեպ է լինում, դրանց սահմանագծման հարցում: Ճիշտ է, խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, սակայն արդեն հասել ենք սահմանների սահմանազատման», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Վերադարձի իրավունքի մասին դեսպանի մեկնաբանությանը Ալիևը պատասխանել է, թե «վերադարձի իրավունքը պետք է ապահովվի երկուստեք, այդ թվում պետք է վերաբերվի Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին», - փոխանցում է ադրբեջանական պարբերականը:

XS
SM
MD
LG