Սպիտակ տանն օգոստոսի 8-ին կայացած գագաթնաժողովից ավելի քան երկու շաբաթ անց էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հասցեին հաճոյախոսություններ շռայլելու առիթը բաց չի թողնում։ Այս անգամ Միացյալ Նահանգների նախագահին գովեստի խոսքեր ուղղելու հարթակը Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող «Ալ Արաբիա» հեռուստաալիքն էր։
Հեռուստաընկերության անգլալեզու ալիքին տված հարցազրույցում Ալիևը հաստատեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թրամփին պաշտոնապես առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նման քայլի բացատրությունն, ըստ Ալիևի, շատ պարզ էր՝ չէ որ Թրամփը «հրաշագործ է»։
«Նա հրաշք գործեց Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Կովկասում։ Դա է իր բնավորությունը, բնույթը։ Թրամփը խաղաղություն է ուզում։ Նա մի մարդ է, որ շատ է տարբերվում արևմտյան առաջնորդի ավանդական կերպարից։ Նա շատ բարեկամաբար է տրամադրված, առատաձեռն է, այնքան առատաձեռն է, որ նույնիսկ ծրագրվածից ավելի շատ նվերներ է տալիս», - նշում էր Ալիևը արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ալ-Արաբիա»-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը նույնությամբ կրկնեց նաև Թրամփի ամենաարմատական կողմնակիցների գլխավոր ներքաղաքական թեզերից մեկը, որի համաձայն «խորքային պետությունը» 2020 թվականին կեղծել էր ամերիկյան ընտրությունները՝ թույլ չտալով Թրամփին վերընտրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։
«Նրանք գողացան Թրամփի հաղթանակը։ Ամերիկյան վարչակազմերը սիրում են ողջ աշխարհին դասեր տալ, թե ինչպես է պետք ապրել, ինչպես է հարկավոր ժողովրդավարություն կառուցել և ընտրություններ անցկացնել։ Բայց հենց իրենք դարձան նախագահ Թրամփի դեմ իրականացված մեծագույն ընտրակեղծարարության հեղինակը՝ զրկելով նրան հաղթանակից», - հայտարարում էր Ալիևը։
Ադրբեջանի նախագահն այսքանով կանգ չառավ՝ զուգահեռներ տանելով իր և Դոնալդ Թրամփի արևմտյան ազդեցիկ թշնամիների միջև, որոնց դեմ պայքարն, ըստ Ալիևի, լուրջ համարձակություն է պահանջում:
«Նա Ամերիկայում հետ եկավ իշխանության մի իրավիճակում, երբ ճահճում բնակվող այդ բոլոր գորտերը՝ USAID-ն, «Ազատություն» ռադիոկայանը, կեղծ լուրեր տարածող այդ բոլոր լրատվամիջոցները՝ Washington Post-ը, New York Times-ը, Wall Street Journal-ը, Newsweek-ը, բոլորն իր դեմ էին աշխատում։ Բոլորը Թրամփին դեմոնիզացնում էին նույն կերպ, ինչպես ինձ էին դեմոնիզացնում՝ գուցե ոչ նույն մակարդակի, բայց նույն ձևով», -նշում էր նա։