Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանին հայհոյած Միքայել Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Ազգային ժողովի նախագահի հետ երեկվա միջադեպից հետո մեղադրանք է առաջադրվել Միքայել Մարգարյանին, «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար:

Երեկ մեծ աղմուկ հանած տեսանյութում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ևս հայհոյում էր՝ պատասխանելով Մարգարյանի հայհոյանքին:

Ոստիկանությունից Քննչական ուղարկված հաղորդման համաձայն՝ Մարգարյանը երեկ «իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»:

Գլխավոր դատախազությունն էր ոստիկանների՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկել իրավապահներին, երբ Ալեն Սիմոնյանն ու քաղաքացի Միքայել Մարգարյանը միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցրին:

Մարգարյանին ու ևս մեկ քաղաքացու բերման ենթարկեցին ոստիկանություն, ապա երեք ժամ անց ազատ արձակեցին՝ ենթարկելով վարչական պատասխանատվության:

Ազգային ժողովի նախագահն, իր հերթին, երեկվանից պնդում է, թե իր նկատմամբ կազմակերպված սադրանք է եղել:

Մանրամասն՝ այստեղ

XS
SM
MD
LG