ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել՝ վարչական տույժից հետո:
Փոխադարձ հայհոյանքներից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել երկու քաղաքացու՝ ակտիվիստ Միքայել Մարգարյանին և Արսեն Վարդանյանին, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է: Միքայել Մարգարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց բերման էին ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Երեկ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվեց փողոցում, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվեց խոսել Մարգարյանի հետ:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահը հայտարարեց՝ իր կարծիքով դա կազմակերպված էր:
«Ես գիտեմ՝ դա ում կողմից է կազմակերպված, վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին, այնքան նման դեպքեր շատ են լինելու, գիտեմ որտեղից է ուղղորդված: Գալ որդեկորույս ծնողների, բարեկամների մեջ խառնվել ու քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել ու ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, էդ ո՞նց է ստացվում, ես քաղաքացի չե՞մ», - ասաց Սիմոնյանը: