Մատչելիության հղումներ

Ալավերդու ավագանին մանդատից զրկեց «Ապրելու երկիր» խմբակցության 9 անդամներին


Ալավերդու ավագանու նիստ, արխիվ
Ալավերդու ավագանու նիստ, արխիվ

Ալավերդու ավագանին գրեթե միաձայն որոշեց մանդատից զրկել ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության 9 անդամներին, այդ թվում՝ մեկ տարի առաջ համայնքապետի պաշտոնից զրկված Արկադի Թամազյանին: Առաջարկը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանինն էր: Հարցը զեկուցելիս ասաց՝ «Ապրելու երկրի» անդամները «երկար ժամանակ չեն մասնակցել ավագանու նիստերին, իրենց կողմից չի եղել որևէ առաջարկություն»:

«Չենք ունեցել որևիցե համագործակցություն, չենք ունեցել նաև, նույնիսկ եթե ոչ ավագանու որպես անդամ՝ հարցերում մասնակցելու, քվեարկելու, առաջարկություններ անելու, համայնքի ղեկավարմենը մասնակցելու, նաև ոչ ինստիտուցիոնալ առումով մենք չենք տեսել։ Այդ իսկ պատճառով, առաջարկում ենք, որպեսզի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնենք», - հայտարարեց Ղումաշյանը։

Համայնքապետի տեղակալ Հարություն Ձավարյանն ավելացրեց՝ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջն է՝ եթե ավագանու անդամը մեկ նստաշրջանում նիստերի կեսից ավելիին բացակայել է, ավագանին կարող է նրան զրկել մանդատից․ - «Ինչպես հայտնի է, երկու նստաշրջան իրանք չեն մասնակցել ավագանու նիստերին»։

Այն բանից հետո, երբ 2023-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անվստահություն հայտնեց ու պաշտոնից զրկեց «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանին, ընդդիմություն դարձած խմբակցության անդամներն ի նշան բողոքի դադարեցին ներկայանալ նիստերին:

Օրեր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում Արկադի Թամազյանն ասել էր, որ իրենց բացակայությունը նիստերին քաղաքական բոյկոտ է: Կարծում է, որ իրեն ապօրինի են զրկել պաշտոնից, չնայած դատական բոլոր երեք ատյաններն իր բողոքը լսել ու տեղի ունեցածն օրինական են համարել:

«Խնդիրն այն չէ, որ ես աշխատեմ-չաշխատեմ, խնդիրը նա է, որ մեր Ալավերդի համայնքի բնակչության ձայնն են գողացել», - նշել էր նախին քաղաքապետը։

Երեկ ավագանու նիստում, մինչդեռ, համայնքապետի տեղակալ Հարություն Ձավարյանը հակադարձեց․ - «Էս մարդիկ ոչ միայն քաղաքական բոյկոտ են անում, չեն մասնակցում նիստերին, այլ ընդհանրապես հանրային գործունեությանն են բոյկոտ անում։ Դրա համար, դա էլ բարոյական առումով ես ճիշտ չեմ համարում»։

Ընդդիմադիր խմբակցության անդամներին մանդատից զրկելու՝ իշխանության նախաձեռնությանը դեմ քվեարկեց միայն «Հայ ազգային կոնգրես» խմբակցության միակ անդամ Տիգրան Պապոյանը:

«Ես դեմ եմ քվեարկելու, քանի որ ես գտնում եմ, որ էս պահի դրությամբ ճիշտ չեք գնահատում իրավիճակը։ Բոլորս իրար հանդիպելու ենք, իրար երեսի են նայելու», - ընդգծեց Պապոյանը։

Մանդատից զրկված 9 անդամների փոխարեն ավագանի կմտնեն «Ապրելու երկրի» ցուցակի հաջորդ համարները: Բայց նախկին քաղաքապետ Արկադի Թամազյանն «Ազատությանն» ասել էր, որ նախատեսում են ամբողջ կուսակցությունով վայր դնել մանդատները: Այդ դեպքում «Ապրելու երկիր»-ը մինչև ավագանու լիազորությունների ավարտը չի կարող մասնակցել ավագանու աշխատանքներին:

Մեկուկես տարի առաջ Ալավերդիում ընդդիմություն դարձած «Ապրելու երկիր» խմբակցության երեք անդամներ լքել են կուսակցությունը, ինչից հետո ավագանու աշխատանքներին մասնակցում են որպես անկախ անդամ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG