Կառավարության 2021-26 թվականների ծրագրի կատարման հաշվետվության ԱԱԾ-ին վերաբերող բաժնում պնդում կա, որ 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները:
«Ներկայումս չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ԱԱԾ սահմանապահ զորքերի լիարժեք վերահսկողության ներքո», - նշված է զեկույցում:
Մարտի սկզբին Ախուրիկ «Ազատության» այցելության ժամանակ, մինչդեռ, մեզ ուղեկալի տարածքում ռուս հրամանատարը դիմավորեց: Հարցազրույցից հրաժարվեց, ասաց՝ ինքը պաշտոնապես տեղեկություն տրամադրելու իրավասություն չունի: Տեղում, սակայն, ըստ էության, պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները դեռ այդ ուղեկալում ծառայություն են իրականացնում: «Ազատությունը» Ախուրիկ այցելությունից հետո գրավոր հարցմամբ դիմել է ԱԱԾ-ին՝ հարցնելով՝ արդյոք վերահաստատո՞ւմ են, որ Ռուսաստանի սահմանապահները հեռացել են «Ախուրիկ» անցման կետից, եթե՝ այո, ապա կոնկրետ ե՞րբ է դա տեղի ունեցել, արդյոք ԱԱԾ-ի նշած անցման կետը գործող էր, թե այլ անցման կետ նկատի ունեին:
Հարցումն ուղարկել էինք մարտի 6-ին, օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրացել է անցած ուրբաթ՝ մարտի 13-ին, սակայն ԱԱԾ-ն, խախտելով օրենքը, դեռ չի պատասխանել մեր հարցմանը, նաև չի հայտնել, որ իրենց լրացուցիչ ուսումնասիրության համար ժամանակ է հարկավոր:
Ախուրիկում ռուսական սահմանապահ ուղեկալը մի քանի տարի առաջ գյուղի տարածքից դուրս տեղափոխվեց՝ ավելի մոտ տեղակայվելով հայ- թուրքական սահմանին: Ուղեկալ տանող ճանապարհը դժվարանցանելի էր, նկարահանումն՝ արգելված: Նախազգուշացնող մի քանի ցուցանակներ են փակցված, արգելապատնեշներ և, իհարկե, փշալարեր: Ուղեկալից ներս գտնվող շինությունների վրա Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներով նկարներ էին, բայց բարձրացված ռուսական կամ հայկական դրոշ չտեսանք: Ախուրիկի վարչական ղեկավար Մարզպետ Սարգսյանը հստակ չպատասխանեց հարցին՝ հիմա անցակետում հա՞յ, թե՞ ռուս սահմանապահներն են ծառայում:
«Հիմնականում սահմանային ուղեկալի հատվածում են գտնվում մեր վարելահողերը, գյուղատնտեսական մշակման սեզոնը մարտի վերջ, ապրիլի կեսերին է սկսվում, այդ ժամանակ մենք նոր առնչություն ունենում ենք», - ասաց նա:
Ախուրիկցիները ուղեկալից ներս գտնվող իրենց հողերը մշակելու համար պետք է հատուկ անցաթուղթ ունենան: Բնակիչներից դիմումները վարչական ղեկավարն արդեն հավաքել է, իսկ ո՞ւմ հաստատմանն է ներկայացրել, պատասխանեց. «Սահմանապահ ռուսական ջոկատին ենք ներկայացնում ցուցակները, որպեսզի բնակիչներն ստանան իրենց անցաթղթերը: <> Ռուսական կողմը տրամադրում է անցաթղթերը, բնակիչները ստանում են և ամբողջ սեզոնին զբաղվում իրենց տնտեսական աշխատանքներով»:
Գյուղամեջում հավաքված ախուրիկցիները հաստատեցին, որ ռուսները չեն հեռացել, իրենք ամեն օր տեսնում են գյուղով անցուդարձ անող ռուս ծառայողներին:
«Հիմա մի կես ժամ սպասեք, կտեսնեք՝ ռուսական մեքենաները ինչքան են, զինվորներն այստեղ են»,- ասացին նրանք:
Ռուսական սահմանապահ ուղեկալում սահմանամերձ գյուղերի բնակիչներ էլ են ծառայում, այդ թվում՝ Ախուրիկից:
Գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին կմտնեն ուղեկալ: Լսել են, որ ուղեկալից ներս հայկական եռագույնն է բարձրացվել, մի քանի օրից կգնան հողերը մշակելու, միանգամից իրենց աչքով էլ կտեսնեն՝ եռագույնը կա, թե՝ ոչ: Ամեն դեպքում կարծում են՝ սահմանը պետք է հայ սահմանապահները հսկեն:
«Ազատությունն» ուղեկալի ներսում նկարահանում արել էր երեք տարի առաջ: Այն ժամանակ տեսել էինք խորհրդային տարիներից պահպանված մաքսային անցակետի շինությունները, բայց դրանք նորոգման կարիք ունեին, դռները, պատուհաններն ու տանիքը վնասված էին: Թե որտեղ են Ախուրիկում այժմ հայ սահմանապահները ծառայություն իրականացնում, պարզ չէ: Ամեն դեպքում վերջին շրջանում կառավարության օրակարգում է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցը, նույնիսկ ռուսական կողմի հետ են բանակցում կոնցեսիոն կառավարման հանձված երկաթուղին նորոգելու հարցով:
17 տարի առաջ Հայաստանի ու Թուրքիայի միջև ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Գյումրի-Կարս երկաթուղու հայկական կողմի հատվածը շատ արագ նորոգվեց, որ թուրք երկրպագուները այդ ճանապարհով Հայաստան գային ֆուտբոլ դիտելու, բայց սահմանը չբացվեց, իսկ երկաթուղին դարձյալ վերանորոգման կարիք ունի: «Ազատության» զրուցակից ախուրիկցիները կողմ էին և՛ սահմանի բացմանը, և՛ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկմանը:
Ի դեպ, Ախուրիկի վարչական ղեկավարն «Ազատությանն» այսօր փոխանցեց, որ մարտի 5-ի մեր այցելությունից հետո ուղեկալում ոչինչ չի փոխվել: