Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն են անդրադարձել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Զրուցակիցներն ընդգծել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը: Վերոնշյալի համատեքստում առանձնացվել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և քննարկվել են վերջինի շրջանակում Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության խորացման հեռանկարները, ասված է Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում: