Հայաստանի արտգործնախարարությունից չեն հերքում, որ դադարեցվել են Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի գործառույթները: Թե որո՞նք են պատճառները, ԱԳՆ-ից թեմային չեն անդրադառնում:
Ռուսական մամուլը, մինչդեռ, գրում է, որ Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսն ազատվել է աշխատանքից, քանի որ դեմ է արտահայտվել Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների սկսած արշավին, ինչպես նաև ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:
«Ցանկացած գործողություն, որն ուղղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ, անթույլատրելի է», - հարցազրույցում ասել է Սպարտակյանը՝ նշելով, որ հայոց եկեղեցին համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմնաքարն է:
Ինչ վերաբերում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին, ապա Եկատերինբուրգի արդեն նախկին պատվավոր հյուպատոսը ասել է, թե բոլոր հայերը հարգում են Կարապետյանին, և նա շատերի համար է օրինակ ծառայում, թե ինչպես կարելի է ստեղծել ու կառուցել:
Նարեկ Սպարտակյանը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, թե ապրել և շարունակելու է ապրել Եկատերինբուրգում, խոստանալով հայ համայնքի համար անել ամեն ինչ՝ նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի:
35-ամյա Նարեկ Սպարտակյանը, որ մեծացել է Եկատերինբուրգում, պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնել է 2018 -ին:
Ավելի մանրամասն՝ այստեղ