Մատչելիության հղումներ

Կալանավորումներ ԱԳՆ-ի մոտ բախումների գործով. փաստաբանն ու իրավապաշտպանը սա քաղաքական ճնշում են որակում


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան Արտգործնախարարության շենքի մոտ, Երևան, մայիսի 31, 2024թ.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան Արտգործնախարարության շենքի մոտ, Երևան, մայիսի 31, 2024թ.

Մայիսի 31-ին Արտգործնախարարության շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո մեղադրանք է ներկայացվել բողոքի ակցիայի 5 մասնակցի, որոնցից 3-ը կալանավորվել են, մեկը տնային կալանքի տակ է, իսկ մյուսին փնտրում են։ Նրանցից երեքի գործն արդեն դատարան է հասել։

Քննչական կոմիտեն այսօր տարածել է Հանրայինի լուրերի ռեպորտաժի հղումը, որում քննիչ Գագիկ Առաքելյանն ասում է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այդ օրվա ակցիայի ընթացքում մի խումբ անձինք, այդ թվում՝ կալանավորվածները «անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանների հասցեին, շիշ և տարբեր առարկաներ նետել ոստիկանների և ԱԳՆ շենքի ուղղությամբ»: Ակցիայի մյուս մասնակցիներն էլ, ըստ քննիչի, «մոտեցել են ոստիկանության շղթային, հարվածել առաջին շարքում կանգնած ծառայողներին, նրանց վահաններին»։

«Իսկ մյուս մասն այդ ընթացքում ծխարձակող առարկաներն են վառել, ծուխը պահել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, մյուս մասը ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության շղթայի մեջ՝ նպատակ հետապնդելով ճեղքել շղթան, սակայն դա նրանց մոտ չի ստացվել ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում», - ասել է քննիչը։

Քննչականը փաստացի 20 օրում ավարտեց այս դրվագով նախաքննությունն ու գործն ուղարկեց դատարան: Այս 3 ցուցարարների վերաբերյալ մասն անջատվել է մայիսի 31-ի ընդհարման ընդհանուր գործից։

Քննիչի խոսքով՝ դեպքի վայրի զննությամբ ոստիկանների կանգնած հատվածում հայտնաբերվել են շշեր, քարեր, տարբեր ծանրության երկաթի կտորներ, դրանք առգրավվել ու որպես իրեղեն ապացույց կցվել են գործին: Այդ օրը, ըստ իրավապահների, 8 ոստիկան է տուժել։

Կալանավորված ցուցարարներից մեկի փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասում է՝ ծխարձակող գլանակներն ազատ վաճառվում են խանութներում և օգտագործվում երեխայի սեռը հայտարարելու միջոցառումների՝ ջենդեր փարթիների ընթացքում: Հարցնում է՝ ինչպե՞ս այդ փարթիների ժամանակ ո՛չ հղի կանայք, ո՛չ երեխաները չեն ծխահարվում, իսկ ոստիկանները ծխահարվել են: Նաև պնդեց՝ խուլիգանության հոդվածն իր վստահորդը չի ընդունում, իրավաչափ չեն համարում։

«Խուլիգանություն կլիներ, եթե հավաքի մասնակից չլիներ, պայմանական գար, տեսներ՝ ոստիկաններն այդտեղ կանգնած են, ինչ-որ առարկա նետեր, ասեին՝ մի նետիր եղբայր, ասեր՝ լավ եմ անում, նետում եմ, ինչ ուզեմ, կանեմ, հայհոյեր… որոշակի տևականություն լիներ այդ գործողության։ Շշերը նետվում են նաև ոստիկանության կողմից դեպի ցուցարարները։ Կոնկրետ Մեսրոպ Եսայանի կողմից որևէ առարկա նետելու մասով ցուցմունք առկա չէ, բայց նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ այդպիսի առարկա նետվել է, այնուամենայնիվ դա խուլիգանություն չէ», - պնդեց նա։

Ընդդիմադիրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, «5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով Քննչականի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ակցիայի մասնակիցները հայհոյել են ոստիկաններին, ասաց՝ ինքը ներկա է եղել այդ օրվա բախումներին, այնտեղ, որտեղ ինքն է եղել, հայհոյանքներ չի լսել:

«Հայհոյանք անգամ այդ լարված իրավիճակում չեմ լսել ոչ ցուցարարներից, որոնց հարվածում էին, ոչ էլ իրականում ոստիկաններից էլ այդ հատվածում, այսինքն՝ այդ պնդումներն էլի իրականությանը չեն համապատասխանում», - ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը նաև նկատեց՝ քրեական վարույթն ի սկզբանե հարուցվել էր զանգվածային անկարգությունների հոդվածով, բայց այս գործով կալանավորվածներին մեղադրանք է ներկայացվել ավելի մեղմ՝ խուլիգանության հոդվածով. - «Անգամ քննչական մարմինն է հերքում այստեղ զանգվածային անկարգության փաստը, ինչպես իրենք են ներկայացնում տեսագրություններ, որտեղ որևէ վնաս չհասցնող գլանակ է թռնում, ինչը իրականում լավ բան չէ, չեմ ուզում, որ հանկարծ որևէ մեկը դա որպես արդարացում դիտի, սա արդարացում չի, սխալ են արել, բայց որևէ վնաս դա չի հասցրել»։

Ոստիկանների գործողությունների առնչությամբ 29 վարույթ է նախաձեռնվել

Փաստաբանն ու իրավապաշտպանը սա քաղաքական ճնշում են որակում։ Հիշեցնում են՝ այդ օրը ոստիկանները ցուցարարների նկատմամբ բռնություն են կիրառել, բայց այդ դրվագները իրավական ընթացք չեն ստացել։

ԱԳՆ-ի շենքի մոտ հավաքված ցուցարարների շարքում էր նաև 19-ամյա ուսանող Արման Սարգսյանը։ «Ազատության» հետ զրույցում պատմել էր՝ սևբերետավորի կոշիկի հետքն իր ճակատին էր մնացել։

Քննչական կոմիտեից նշում են՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիաների մեկնարկից մինչև այսօր ոստիկանների գործողությունների առնչությամբ 29 վարույթ է նախաձեռնվել, այդ թվում մեկը՝ հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ հատուկ միջոցների կիրառման դրվագով, որի հետևանքով 100 մարդ վիրավորվեց: Մինչև այս պահը, սակայն, որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG